Հայկական բանակի սպառազինությունը (1918–1920 թթ.)

1918–1920 թթ. հայկական ստորաբաժանումների սպառազինության մասին որոշակի պատկերացում կազմելու համար նախ համառոտ ներկայացնենք իրավիճակը Կովկասյան ռազմաճակատում:1917 թ. փետրվարյան հեղափոխությունը, այնուհետև` հոկտեմբերյան հեղաշրջումը, հանգեցրեցին ռուսական բանակի կազմալուծմանը, ինչի հետևանքով Կովկասյան ռազմաճակատը քայքայվեց. «Ռուսական զորքերը անկանոն լքում էին դիրքերը և հեռանում, թողնում բազմամիլիոն հարստություններ, ռազմամթերքի ու պարենի անհաշիվ պահեստներ», նշում է Ս. Վրացյանը ։ Անդրանիկն իր հուշերում նշում է, որ ռուսական բանակը Կովկասյան ռազմաճակատում թողել է մոտ 3000 հրանոթ, 1 միլիարդ փամփուշտ, 1 միլիոն ռումբ, 100 000 հրացան, 15-17 հազար ձի, անհամար կառքեր, մեքենանաներ և այլ ռազմամթերք ։
Անդրկովկասում ձևավորվեց Անդրկովկասյան սեյմը, որը և ստանձնեց Կովկասյան ռազմաճակատի վերահսկումը: 1917 թ. աշնանից սկսվեց փոքրաթիվ Հայկական կորպուսի ձևավորումը , որն էլ փոխարինեց ռուսական զորքերին: 1918 թ. Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց Հայաստանի առաջին հանրապետության Զինված ուժերի ձևավորումը, որը շարունակվեց մինչև հանրապետության խորհրդայնացումը:

Հայկական կորպուսը կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա` ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը` զենքն ու զինամթերքը: Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից: Թեև, բացի վերոհիշյալ կադրային սպայակազմից, քիչ չէին նաև ֆիդայական շարժման մեջ կոփված խմբապետները:

Հայկական բանակային կորպուսի կազմում կային երկու հրաձգային դիվիզիա` յուրաքանչյուրը կազմված չորս հրաձգային գնդից և մեկ հրաձգային-հրետանային բրիգադից, առանձին հեծելազորային բրիգադ` կազմված երկու հեծելազորային գնդից, բերդապահ-հետևակային բրիգադ` կազմված հինգ հետևակային գնդից, պահեստազորային բրիգադ` բաղկացած երկու հետևակային գնդից և չորս գումարտակից, հավաքական զորաջոկատ և մի շարք այլ առանձին և մասնագիտական զորամասեր ու ստորաբաժանումներ։

Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ: Հարկ է նշել, որ նույնիսկ կանոնավոր զորամասերը համալրված չէին ինչպես հաստիքով նախատեսված անձնակազմով, այնպես էլ` համապատասխան տեխնիկայով և զինամթերքով։ Զինամթերքի ծայրահեղ սղության մասին է վկայում այն, որ Արամ Մանուկյանը Երևանում Խալիլ փաշայի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Սարդարապատի ճակատամարտում եթե թուրքերը 5-6 ժամ ավելի դիմադրեին, ապա հայկական կողմի փամփուշտները կսպառվեին։

1918 թ. մարտի 31-ի տվյալներով` հայկական կորպուսի զորամիավորումների խմբավորումները և մարտական կազմը ունեին հետևյալ պատկերը. Բեգլի Ահմեդի զորաջոկատ` թվով 11 գումարտակ, 14 լեռնային, 4 թեթև թնդանոթ, 8 հեծելազորային էսկադրոն, Կաղզվանի զորաջոկատ` 1 գումարտակ և 130 հեծելազորային, Երևանի զորաջոկատ` 14 գումարտակ, 12 լեռնային, 6 թեթև թնդանոթ և 3 հարյուրյակ, կորպուսի պահեստային ուժերի կազմում կային 11 գումարտակ, ընդամենը` 37 գումարտակ, 26 լեռնային և 10 թեթև թնդանոթներ, 170 գնդացիր, 12 հեծելազորային էսկադրոն և 3 հարյուրյակ, որոնցում կար 16715 հետևակ ու հեծյալ զինվոր և 600 սպա:

Հայաստանի առաջին հանրապետության բանակի սպառազինության մեծ մասը կազմում էր ռուսական բանակի զենք-զինամթերքը: Թեև պետք է նշել, որ օգտագործվում էին նաև ռազմական գործողությունների ժամանակ թուրքական զորքերից ռազմավար վերցված փոքր քանակությամբ զինամթերք, ինչպես նաև դաշնակիցներից ստացած զինամթերք: Դրանով էր պայմանավորված այն, որ կանոնավոր բանակի շատ ստորաբաժանումներ զինված էին տարբեր երկրների բանակների զինատեսակներով:

  • 1918–1920 թթ. հայկական բանակի սպառազինության մեջ ընդգրկված էին անհատական գործածության սառը զենքի մի շարք տեսակներ` սվիններ, թրասուսերներ (ռուս. шашка), կորսրեր (ռուս. сабля), դաշույններ: Լայնորեն կիրառվում էին ռուսական բանակի սառը զենքի հետևյալ տեսակները.
  • 1881 թ. նմուշի դրագունական թրասուսեր,
  • 1904 թ. նմուշի կովկասյան կազակական զորքերի թրասուսեր,
  • 1913 թ. նմուշի կովկասյան կազակական զորքերի սպայական թրասուսեր,
  • 1913 թ. նմուշի հետևակային զորքերի սպայական կորսուր,
  • 1907 թ. նմուշի «Բեբուտ» դաշույն,
  • 1904 թ. նմուշի կազակական զորքերի դաշույն:

Ռուսական բանակի սպառազինության մեջ կային նաև կովկասյան վարպետների կողմից պատրաստված սառը զենքի տեսակներ: Այդ էր պատճառը, որ հայկական թե՛ աշխարհազորային ջոկատներում, և թե՛ կանոնավոր ստորաբաժանումներում հաճախ օգտագործվում էին նաև կովկասյան վարպետների կողմից պատրաստված թրասուսերներ, կոր սրեր և դաշույններ:
Անհատական գործածության զենքի մյուս տեսակներն էին ձեռքի հրազենային զենքերը` ատրճանակները, հրացանները և գնդացիրները: Կարճափող հրազենային զենքերից լայնորեն կիրառվում էին հետևյալ տեսակները.

  • 1895 թ. նմուշի թմբուկավոր «Նագան» ատրճանակ,
  • 1871 թ. նմուշի թմբուկավոր «Սմիտ-Վեսսոն» ատրճանակ,
  • 1896 թ. և 1908 թ. նմուշների «Մաուզեր» ատրճանակ:

Վերջինս լայնորեն կիրառվում էր և խմբապետների շրջանում հայտնի էր ՙտասնոց՚ անվանմամբ:
Երկարափող հրազենային զենքերից օգտագործվում էին հիմնականում ռուսական արտադրության հետևյալ զինատեսակները.

  • 1891–1910 թթ. նմուշի «Մոսին» հրացան,
  • 1893 թ. նմուշի «Լեբել» հրացան (հնացած),
  • 1871 թ. նմուշի «Բերդանկա» հրացան (հնացած),
  • 1907 թ. նմուշի «Ռոսս» հրացան:

Վերջինս Հայաստանի առաջին հանրապետության բանակին որպես օգնություն ուղարկվել էր Մեծ Բրիտանիայից:
Արագաձիգ թեթև հրազենային զենքերից հայկական բանակում կիրառվում էին գնդացիրների մի քանի տեսակներ.

 

Հաստոցային գնդացիրներ

Ձեռքի  գնդացիրներ

1905–1910 թթ. նմուշի «Մաքսիմ» 1915 թ. նմուշի «Լյուիս»
1914 թ. նմուշի «Կոլտ-Բրաունինգ» 1902 թ. նմուշի  «Մադսեն»
1910 թ. նմուշի «Վիկկենս»

Այդ ժամանակաշրջանի փաստաթղթերը, ինչպես նաև ականավոր պետական գործիչների հուշերը վկայում են, որ ռուսական բանակի հեռանալուց հետո հայկական զինված ուժերի տրամադրության տակ մնացել էր մեծ քանակությամբ հրետանային տեխնիկա: 1917 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ գործող զորքերում հաշվվում էր 298 թեթև, 243 լեռնային հրանոթ և 69 հաուբից: Ընդհանուր առմամբ հայկական զորամասերի հրետանային ստորաբաժանումները սպառազինված էին դաշտային, լեռնային, բերդային, հաուբիցային և հրասանդային հրետանու տեսակներով.

 

Դաշտային հրանոթ

Լեռնային հրանոթ

Բերդային հրանոթ

Հաուբից

Հրասանդ

76 մմ 1900 թ. նմուշի

76 մմ 1904 թ. նմուշի

107 մմ 1881 թ. նմուշի

122 մմ 1909–1910 թթ. նմուշի

152 մմ 1885 թ. նմուշի

76 մմ 1902 թ. նմուշի

76 մմ 1909 թ. նմուշի

152 մմ (120 փթանոց)1877 թ. նմուշի

Բացի առանձին ստորաբաժանումներում գտնվող հրետանուց (լեռնային և դաշտային 76 մմ-անոց հրանոթներ), զգալի քանակությամբ հրետանային տեխնիկա եղել է Կարսի և Ալեքսանդրապոլի բերդային հրետանային կայաններում: Ս. Աֆանեսյանը նշում է. «Կարսի բերդում կային 1700 նորակոչիկ հրետանավորներ …, որոնք ընդունակ էին սպասարկելու գործածության համար պիտանի հարյուր թնդանոթ, այն դեպքում, երբ դեռ 19-րդ դարից մնացած 700-ից ավելի թնդանոթներ անգործության էին մատնված հրետանային պարկում»: Կամ, օրինակ, Էրզրումի ամրություններում եղել են մոտ 400 բերդային և դաշտային հրանոթներ, որոնց զգալի մասը գործածության համար պիտանի չէին և միայն մեկ-երկու տասնյակն էր պիտանի գործածության համար: Դրանք սպասարկել են 40 ռուս սպաներ և 400 զինվորներ: Ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ բերդապահ ստորաբաժանումներում հիմնականում կար հնացած տեխնիկա: Այդ մասին է վկայում նաև հայկական կորպուսի կառուցվածքին վերաբերող փաստաթղթերից մեկի հրասանդային դիվիզիոնի առկայության մասին տեղեկությունը: Ի դեպ, 20-րդ դարի սկզբին ռուսական բանակից արդեն դուրս էին մղվում հրասանդները` փոխարինվելով հաուբիցներով ։

Բացի վերը նշված զենքի տեսակներից, հայկական բանակն ուներ նաև երեք զրահագնացք , որոնք հիմնականում նախատեսված էին երկաթուղային ճանապարհներին մոտ գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանության և համազորային մյուս զորատեսակներին կրակային աջակցություն ցուցաբերելու համար: Այս զրահագնացքները բաղկացած էին զրահապատ շոգեքարշից, մեկ կամ երկու զրահահարթակներից և մինչև չորս զրահապատ պահեստավագոններից: Զրահահարթակների վրա տեղակայված էին 76-107 մմ-անոց հրանոթներ և 4-6 գնդացիրներ (հիմնականում` «Մաքսիմ» տիպի)։

Հայկական բանակի կազմում գործում էր նաև մեկ ավիաջոկատ, որը գտնվում էր Կարսում: Այն սպառազինված էր «Սալմսոն», «Նյուպոր», «Մարան», «Ալբատրոս» տեսակի ինքնաթիռներով: Վերջիններս կործանիչներ էին, բայց հիմնականում կատարում էին հետախուզական թռիչքներ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավիացիան դեռ այնքան զարգացած չէր: Ըստ գեներալ Սիլիկյանի` Կարսի ավիաջոկատը ոչ մի արժեքավոր և գործնական նշանակություն ունեցող տեղեկություններ չի հաղորդել 1918–1919 թթ. ընթացքում ։
1919 թ. կազմավորվեց Սևանի նավատորմիկը, որը սպառազինված էր շարժիչավոր առագաստանավերով և ձկնորսական թիանավակներով: Դրանցից է` «Աշոտ Երկաթ» ռազմաբեռնատար երկկայմ առագաստանավը, որը զինված էր մեկ հրանոթով, երկու գնդացիրով, մեկ լուսարձակով և հիմնականում կատարում էր բեռնափոխադրումներ ։

Հայկական բանակը, գտնվելով ծայրահեղ ծանր պայմաններում, մարտական առաջադրանքներ կատարելու համար դիմում էր տարբեր միջոցների, օրինակ` 1920թ. մայիսյան ապստամբության ժամանակ Համամլուի կայարանում քաղաքացիական շոգեքարշին մի քանի վագոններ կցելով և որպես զրահ օգտագործելով հողով լցված պարկերը` տեղադրվել էր մի քանի «Մաքսիմ» տիպի գնդացիրներ և օգտագործվել որպես զրահագնացք ։

Այսպիսով` ներկայացնելով 1918–1920 թթ. հայկական բանակի սպառազինության տեսակները` պարզ է դառնում, որ հայկական բանակի ստորաբաժանումները սպառազինված էին մի քանի երկրների սպառազինության կազմի մեջ մտնող զենքերով, որոնց մեջ կային նաև հնացած և անհատ զինագործների պատրաստած սառը զենքերի տեսակներ: Զենքի և զինամթերքի խիստ սղության պատճառով հայկական բանակի սպայակազմը հաճախ ստիպված էր դիմել տարբեր հնարամիտ միջոցների` հաջող մարտական գործողությունների վարման համար:

Զորիկ Ծատուրյան

_______________________
Օգտագործած գրականություն

Ս. Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», Երևան, 1993։
Ա. Միհրանեան, «Ինչպե՞ս պետք է գրավել Թրքահայաստանը /Զօր Անդրանիկի կարծիքը/», Կ.Պոլիս, 1921:
Ս. Աֆանեսյան, «Սարդարապատի հերոսամարտը (Հայաստան, մայիս 1918)», Երևան, 1991:
Կ. Հարությունյան, «Հայկական ազգային զորամիավորումները 1918–1945թթ.», Երևան, 2002:
Է. Զոհրաբյան, «Ազգամիջյան կռիվները Երևանի նահանգում 1918 թ.», Երևան, 2000:
Մ. Կարապետյան, «Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորումը (1918–1920)»: «Հայկական բանակ», 1995, հմ. 5–6:
Հ. Թուրշյան, «Սարդարապատի հերոսամարտը»: Երևան, 1965:
Ե. Իշխանեան, «Լեռնային Ղարաբաղ (1917–1920)»: Երևան, 1999:
А. Н. Кулинский, «Русское холодное оружие». Санкт-Петербург, 1994:
Э. Аствацатурян, «История оружия Кавказа». Москва-Нальчик, 1995:
А. А. Гитун, С. С. Щеголов, И. А. Пивоварова, «Оружие России», Москва, 2007:
В. Федоров, «Эволюция стрелкового оружия», ч.2, Москва 1939:
«Военная энциклопедия», т. XVII. Петроград, 1915։
«Советская Военная энциклопедия»
ՀԱԱ, ֆ. 204, ց.1, գ.42, թթ. 1–5:
ՀԱԱ, ֆ. 121, ց. 2, գ. 88 թ. 1:
ՀԱԱ, ֆ. 121, ց. 1, գ. 45, թ. 3:
ՀԱԱ, ֆ. 121, ց. 1, գ. 40, թ. 177:
ՀԱԱ, ֆ. 121, ց. 1, գ. 32, թ. 33:

One response to “Հայկական բանակի սպառազինությունը (1918–1920 թթ.)

Մեկնաբանել ԳևորգՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *