Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Բեն Խոջեսն այցելել է Վրաստան և հետևել «Վազիանի» զորավարժարանում անցկացվող Noble Partner միջազգային զորավարժության կրակային պատրաստության պարապմունքներին:
Այս մասին օգոստոսի 4-ին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարարության մամուլի ծառայությունը:
Գեներալ-լեյտենանտ Խոջեսի համար կազմակերպվել է առանձին բրիֆինգ, որի ժամանակ նա ծանոթացել է զորավարժության ընթացքին: Այնուհետև ամերիկյան պատվիրակությունը և Վրաստանի ԶՈւ ներկայացուցիչները այցելել են զորավարժարան և հետևել կրակային վարժանքներին:
Noble Partner 2017 միջազգային զորավարժությունը մեկնարկել է հուլիսի 30-ին «Վազիանի» զորավարժարանում, որին այս տարի Հայաստանը ներկայացել է դաշտային հոսպիտալի կազմով: Վարժանքներին ներգրավված են նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Սլովենիան, Թուրքիան, Գերմանիան, Ուկրաինան։ Վարժանքները ավարտվելու են օգոստոսի 12-ին։
Զորավարժության համար Վրաստան են բերվել ամերիկյան և գերմանական զինտեխնիկա, մասնավորապես՝ «Մ1Ա2 Աբրամս» տանկեր, «Բրեդլի» և «Սթրայքեր» զրահափոխադրիչներ, գերմանական «Բոքսեր» հետևակի մարտական մեքենաներ: