Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 2 զինծառայող, վիրավորվել է ևս 5 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի ուժայինները գործողությունների ընթացքում «շարքից հանել են» քրդական կառույցի 46 զինյալի: Սակայն այս տվյալներին պետք է վերապահումով մոտենալ, քանի որ թուրքական կողմը կարող է դիտմամբ ուռճացրած լինել քրդերի կորուստների մասին տվյալները:
Գործողությունները հիմնականում իրականացվել են Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի, Շրնաք նահանգներում և արևելյան Վան, Բինգյոլ, Մուշ նահանգներում, որոնք հիմնականում բնակեցված են քրդերով:
Թուրքական կողմը պնդում է, որ Շրանք նահանգում PKK-ի զինյալները պայթուցիկներով բեռնված մեքենայով ահաբեկչական գործողության են նախապատրաստվել: Ըստ աղբյուրի՝ PKK զինյալների կոորդինատները ճշտվել են տեղական արտադրության ԱԹՍ-ների հետախուզական թռիչքների միջոցով, ինչից հետո էլ տեղական «Աթաք» ուղղաթիռը հարվածել է և ոչնչացրել պայթուցիկերով բեռնված մեքենան:
Թուրք-քրդական բախումները վերսկսվել են 2015-ի ամռանը: Արդեն 2 տարի շարունակվող բախումների արդյունքում Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք բնակավայրեր ավերվել են: