Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը հակաահաբեկչական մարզումներ է անցկացնում Սիրիայում

Ռուսաստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության անձնակազմը ամեն օր հակաահաբեկչական մարզումներ է անցկացնում Սիրիայի «ապաէսկալացման կամ ոչ բախումային» գոտիներից մեկում՝ մայրաքաղաք Դամասկոսին հարակից Արևելյան Գուտայի շրջանում: Այս մասին հայտնել է ռազմական ոստիկանության կապիտան Ալեքսեյ Պոլատինսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Ըստ կապիտանի՝ ամենաշատ վնասներ կրած հատվածը Արևելյան Գուտայի հարավային շրջանն է: Պոլատինսկին նաև հայտարարել է, որ իր վաշտը ծառայում է հենց այդ հարավային շրջանում, որն էլ ամենավտանգավոր հատվածն է:

«Այդ շրջանը ամենալարվածն է եղել Արևելյան Գուտայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: Բացի այդ, մեր տվյալներով, այդ շրջանում դեռևս տեղակայված է «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման մոտ 350 զինյալ»,— հայտարարել է Պոլատինսկին:

Նա նաև նշել է, որ «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալները կարող են հարձակվել ՌԴ ռազմական ոստիկանության անցակետերի ու դիտակետերի վրա և այդ պատճառով ոստիկանության ուժերը ամեն օր ահաբեկչությունները կանխելու վարժանքներ են անցկացնում:

Նշենք, որ Արևելյան Գուտայում Ռուսաստանին զինված ուժերի և Սիրիայի կառավարական բանակի համատեղ անցակետերն ու դիտակետերը սկսել են գործել հուլիսի 25-ից: «Ոչ բախումային» գոտում տեղակայված է 2 անցակետ և 4 դիտակետ:

Սիրիայում ներկայում գործում է «ապաէսկալացման» 3 գոտի՝ հարավարևմտյան գոտի (Դարաա և Կունեյտրա շրջաններ), Հոմսի «ոչ բախումային գոտին» և Արևելյան Գուտան:

Օգոստոսի կեսերին կամ վերջին նախատեսվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացնել Սիրիայի ճգնաժամի լուծման համար բանակցությունների 6-րդ փուլը: Մինչև այժմ Աստանայում անցկացվել է բանակցությունների 5 փուլ՝ 2017 թ. հունվարին, փետրվարին, մարտին, մայիսին և հուլիսին:

Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման համար օպերատիվ խմբի ստեղծման և 4 «ոչ բախումային գոտի» ստեղծելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *