Միգրացիոն հոսքերի կառավարման վարժանք է անցկացվել հայ-վրացական սահմանին

Հայ-վրացական սահմանի Գոգավան անցակետում անցկացվել է «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարումը» թեմայով զորավարժություն՝ կազմակերպված ՄԱԿ միգրացիայի միջազգային կազմակերպության և ՀՀ ԱԻՆ կողմից:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

ՀՀ պետական սահմանի մոտ նկատվում է սահմանն հատել ցանկացող մարդկանց աճող թվաքանակ

ՀՀ պետական սահմանի մոտ նկատվում է սահմանն հատել ցանկացող մարդկանց աճող թվաքանակ

Վարժանքին որպես դիտորդ ներգրավված է եղել նաև վրացական կողմը, ինչը արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-վրացական համագործակցության ընդլայնման ծրագրի մի մասն է: Այս մասին կողմերը պայմանավորվել էին նաև հուլիսին ՀՀ ԱԻ նախարարի՝ Վրաստան այցի ժամանակ:

Հայ-վրացական սահմանին անցկացված վարժանքի նպատակն է փորձարկել սահմանային անցակետերի ընթացակարգերն ու միգրացիոն ճամբարի ծավալումը, ղեկավար կազմի ունակությունները միգրացիոն հոսքի ՀՀ տարածք ներթափանցելու դեպքում:

Համաձայն վարժանքի պլանի՝ այլ երկրներում տեղի ունեցող պայմանական ճգնաժամի հետևանքով հայկական մի շարք սահմանային անցակետերում նկատվում է ՀՀ պետական սահմանը հատել ցանկացող մարդկանց թվաքանակի աճ: Մասնավորապես, Բավրայի, Գոգավանի և Բագրատաշենի անցակետից հաղորդվում է դեպի Հայաստան մուտք հայցողների աճող թվաքանակի մասին: Հորինված սահմանամերձ երկրի տարածքներում նկատվում են միգրանտների ճամբարային խմբեր:

Գոգավանի սահմանային անցակետում գրանցվում է միգրանտների թվաքանակի ամենամեծ աճը: Որոշում է կայացվում կազմակերպել ժամանակավոր տարանցման ճամբար: Վարժանքի ղեկավարը խնդիր է դնում մասնակիցներին՝ սահմանված կարգով իրականացնել միգրանտների սահմանային հատման ընթացակարգերը և իրականացնել միգրացիոն հոսքերի կառավարում:

Գոգավանի սահմանային անցակետից 4 կմ հեռավորության վրա ծավալվում է միգրացիոն ճամբար, որտեղ տեղակայվում են ժամանած միգրանտները: Ճամբարի տարածքում ՀՀ ԱԻՆ, ոստիկանության, ԱԱԾ կողմից իրականցվում է շուրջօրյա հերթափոխ:

Բացվում է ճամբարի կառավարման տեղամաս, որտեղ ներգրավվում են համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ճամբարի տարածքում գործում են նաև բժշկական, ինֆեկցիոն կետեր, ճաշարան, պահեստ, ինչպես նաև՝ դաշտային բաղնիք, միգրանտներին տրամադրվում են կենսաապահովման համար անհրաժեշտ իրեր, նրանք ապահովվում են սննդով և խմելու ջրով:

ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի պետական գերատեսչությունների համապատասխան մասնագետները կարողացել են իրականացնել իրենց առջև դրված գործառույթները: Իրականացրել են արտակարգ իրավիճակից բխող գործողություններ, միգրանտների հաշվառում, հասարակական կարգի պահպանություն, ճամբարի անվտանգության ապահովում, միգրանտների առաջին անհրաժեշտության, հատուկ կարիքների բավարարում և այլն:

Վարժանքի ընթացքին հետևում էին նաև ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Մերաբ Մալանիան, Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տնօրեն, քաղաքացիական անվտանգության գնդապետ Նիկոլոզ Սիրադձեն:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Մալանիայի հետ քննարկել է նմանատիպ հնարավոր իրավիճակներում հայ-վրացական համագործակցության շրջանակը:

Միջազգային համագործակցության հովանու ներքո իրականացվող վարժանքի տեսական հատվածը շարունակվելու է ևս 2 օր՝ Վրաստանի դիտորդական առաքելության ներգրավմամբ:

Նշենք, որ նմանատիպ սցենարով դրվագ խաղարկվել է նաև «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ. Թուրքիայից և այլ երկրներից պայմանականորեն Հայաստան էին անցել եզդի, քուրդ ու թուրք փախստականներ։

Նրանց Հայաստանում տեղավորել էին Նուբարաշենի զորավարժարանում ստեղծված ճամբարում։ Փախստականների հարցերով զբաղվում էր ՀՀ միգրացիոն վարչությունը։ Սցենարով՝ Հայաստանում մոտ 2000 փախստականի ընդունման համար պայմաններ էին ստեղծված։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *