Կասկածելի թվացող նշանակակետը միանգամից շրջանակի մեջ ենք առնում. ՊԲ զորամասի հրամանատար

Առաջնագծի ողջ երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգով ղեկավարումը մի քանի անգամ հեշտանում է: Հակառակորդի ամեն շարժ խոշորացույցի տակ է: Գումարտակների հրամանատարները հնարավորություն ունեն դիտարկելու հակառակորդի առաջնագիծը, խորքը: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հայտնել է ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանը:

«Եթե [հակառակորդի] որևէ գործողություն կասկածելի է թվում կամ նորություն է, միանգամից այդ նշանակետը՝ որպես խոցվող, շրջանակի մեջ ենք առնում, կրակային միջոց ուղղում: Երբ հակառակորդը կրակում է, արդեն գիտենք՝ որ բազայից, որ խրամուղուց, որ բլրից է, և արձագանքում ենք հաշված վայրկյանների ընթացքում», — նշել է հրամանատարը:

Գնդապետ Գյոզալյանի խոսքով՝ դիտարկման համակարգի շնորհիվ հակառակորդի զրահատեխնիկայի, ուղիղ նշանառության առանձնացված միջոցների կոորդինատները հաշվարկված են, հարկ եղած դեպքում՝ «առանց աչք թարթելու կվերացնենք»:

Զորամասի հրամանատարը նաև հայտնել է, որ ստորաբաժանման հրամանատարը կարող է ինքնուրույն գործել, սակայն ինքը կողմ է փոխգործակցությանը: Գումարտակների հրամանատարներին հորդորել է քննարկել որոշումները:

«Ի վերջո, զորամասի հրամանատարն է պատասխանատու զորամասի թե՛ հաջողությունների, թե՛ վրիպումների համար… Մենք կրակային միջոցները բաշխել ենք ըստ դիրքերի: Ես քաջատեղյակ եմ, թե որ դիրքը ինչ զինատեսակով է ուժեղացված և ինչ միջոցներ կան հարևան դիրքերում: Եթե որեւէ ուղղությունում խնդիր է ծագում, գիտեմ՝ որտեղից կարող ենք առավել ցավոտ հակազդել: Ստորաբաժանման հրամանատարը պետք է զգա, որ մենակ չէ, պետք է զգա ավագ պետի աջակցությունը», — նշել է Արմեն Գյոզալյանը:

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը վերջերս «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտնել էր, որ հայկական կողմի դիտարկումներից պարզ է դառնում, որ Ադրբեջանի բանակը մինչև իսկ իր խորքում ինժեներական պատրաստություններ է տեսնում հայկական կողմի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար։

Մնացականյանի խոսքով՝ մինչև հակառակորդի 10-15 կմ խորություններում այս պատրաստությունները հնարավոր է եղել բացահայտել հայկական կողմի դիտարկման համակարգերի միջոցով.

«… Մեր դիտարկման համակարգերով մենք հնարավորություն ունենք դիտարկելու իր խորքը և՛ ցերեկը, և՛ գիշերը։ Մինչև 10-15 կիլոմետր հեռավորությունների վրա մենք դիտարկում ենք և տեսնում ենք՝ ինչպիսի ահռելի իրենք էլ աշխատանքներ են կատարում ինժեներական առումով՝ մինչև 7 կիլոմետր, մինչև 10-15 կիլոմետր խորքում»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *