Հուլիսի 7-ին հակառակորդը Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ կիրառել է հարվածային անօդաչու և փորձել վնասել դիրքերից մեկը, սակայն դա նրան չի հաջողվել: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հայտնել է հյուսիսային ուղղությամբ ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանը:
«Չնայած հերթապահություն իրականացնող զինծառայողներից շատերն առաջին անգամ էին դիրքում, բայց արագ են կողմնորոշվել, դժբախտ դեպք չենք ունեցել… Առաջնագծում իրավիճակն այժմ հանգիստ է և վերահսկվում է մեր կողմից», — նշել է զորամասի հրամանատարը:
Հրամանատարի խոսքով՝ միջադեպի հետևանքով թեթև բեկորային վիրավորում է ստացել հայկական զինուժի երկու զինծառայող (վիրավորման դեպքերի մասին ավելի վաղ հայտնել է ՊԲ կայքը):
Անդրադառնալով հակառակորդի տարածած հաղորդագրությանը, թե տեխնիկա են վնասել, գնդապետը նշել է, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը սուտ է.
«Մեր զինտեխնիկան պաշտպանված է հրետակոծությունից: Այն վնասելն այդքան էլ հեշտ չէ: Այդ սադրանքին անմիջապես և շատ խիստ ենք պատասխանել: Հակառակորդը սահմանի երկայնքով ստիպված էր կազմակերպել պահպանության ուժեղացում: Որևէ միջադեպ՝ անգամ փոքրիկ, հյուսիսային հատվածում աննկատ, անպատասխան չի մնալու»:
Նշենք, որ գնդապետ Արմեն Գյոզալյանը զորամասի հրամանատար է նշանակվել հունիսին: Նրա՝ մինչ այս ղեկավարած զորամասը 2015 թվականին ճանաչվել է լավագույնը: