Իրանի կիրառական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանը օգոստոսի 1-3-ը ցուցահանդես է անցկացնում Թեհրանում՝ ներկայացնելով համալսարանի կողմից նախագծված 1200 արտադրանք։ Այս մասին տեղեկացնում է համալսարանի կայքը։
Լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներում երևում են, որ ցուցահանդեսում ներկայացվել են նաև անօդաչու թռչող սարքեր։
Առայժմ անօդաչուների մարտավարատեխնիկական բնութագրերի մասին տվյալներ չեն հրապարակվել։
Իրանի կիրառական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանը 2016 թվականին անցկացված «Իրանի հետազոտական և տեխնիկական ձեռքբերումներ 2016» ցուցահանդեսի ժամանակ նույնպես ներկայացրել է անօդաչու թռչող սարքեր։
Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերին Թեհրանում անօդաչու թռչող սարք էին ներկայացրել իրանցի դպրոցականները։ Դպրոցականների ներկայացրած «Սահեր» ԱԹՍ-ի առավելագույն արագությունը 180 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 5500 մ, զանգվածը՝ 24 կգ, թռիչքի տևողությունը՝ 10 ժամ: ԱԹՍ-ն կարող է օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով:
Նկատենք, որ անօդաչու թռչող սարքերի նախագծումն Իրանում արդեն կայացած ճյուղ է, իրանցի մասնագետների պատրաստած հարվածային անօդաչուները կիրառվում են նաև Սիրիայում և Իրաքում։