Հունաստանն ու Եգիպտոսը զորավարժություն են անցկացնում Միջերկրական ծովում

Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը Միջերկրական ծովում անցկացվում է Հունաստանի և Եգիպտոսի ռազմաօդային ու ռազմածովային ուժերի «Մեդուզա-2017» (Medusa 2017) համատեղ զորավարժությունը: Այս մասին հայտնում է եգիպտական Nile TV International հեռուստաալիքի կայքը՝ հղում անելով Եգիպտոսի ԶՈւ խոսնակին:

Միստրալ դասի ուղղաթիռակիր նավը

Միստրալ դասի ուղղաթիռակիր նավը

Ըստ աղբյուրի՝ «Մեդուզա-2017» զորավարժությանը Եգիպտոսի կողմից մասնակցելու են նաև ռազմածովային ուժերի 1 սուզանավ և 1 «Միստրալ» դասի ուղղաթիռակիր նավ, որը կրում է Եգիպտոսի նախկին նախագահ Անվար ալ-Սադաթի անունը:

Ավելի վաղ՝ հուլիսի 29-ին, Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունական կողմից զորավարժությանը մասնակցելու են 2 ֆրեգատ, 1 սուզանավ, 4 միավոր F-16 կործանիչ, 1 միավոր C-130 բեռնատար ինքնաթիռ, նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով սպառազինված 1 ինքնաթիռ (AWACS), 1 միավոր Chinook ուղղաթիռ և զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի 1 ջոկատ:

Հունաստանի ՊՆ նախարարության տվյալներով՝ Եգիպտոսի զինված ուժերից զորավարժության մասնակցում են նաև 1 ֆրեգատ, 6 միավոր F-16 կործանիչ, 1 միավոր C-130 բեռնատար ինքնաթիռ, 1 միավոր հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտանբերման E-2C ինքնաթիռ և հատուկ նշանակության ուժերի 1 ջոկատ:

Զորավարժության նպատակն է էլ ավելի ամրապնդել երկու երկրների զինված ուժերի համագործակցությունը համատեղ վարժանքների ընթացքում, բարելավել փոխգործակցությունը:

Այս զորավարժությունն ամենամյա է, անցկացվում է 2015 թվականից սկսած: 2015-ին զորավարժությունը անցկացվել է Հունաստանի ջրային և օդային տարածքում:

Ավելացնենք, որ 2015-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Եգիպտոսը Ֆրանսիայից գնել է «Միստրալ» դասի 2 նավ, որոնք Եգիպտոս են ուղարկվել 2016-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *