Թուրքիայում սկսվել է հեղաշրջման փորձի «հրամանատարական կենտրոնի» գործով դատավարությունը

Օգոստոսի 1 -ին Թուրքիայում մեկնարկել է 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների կենտրոնը համարվող ռազմաօդային ուժերի «Աքընջը» ռազմաբազայի գործով դատավարությունը, որը շարունակվելու է մինչև օգոստոսի 29-ինը: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

«Աքընջը» ավիաբազայի գործով մեղադրվող անձինք բերվել են Անկարայի ծանր հանցագործողությունների 4-րդ դատարան

«Աքընջը» ավիաբազայի գործով մեղադրվող անձինք բերվել են Անկարայի ծանր հանցագործողությունների 4-րդ դատարան

Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ «Աքընջը» ավիաբազայի դեպքերի համար մեղադրանք է առաջադրվել 486 մարդու: Դատավարությունն անցկացվում է Անկարայի ծանր հանցագործությունների 4-րդ դատարանում: Նշենք, որ հենց այս ավիաբազայից են դուրս եկել հեղաշրջման փորձի ժամանակ օգտագործված տանկերի, ուղղաթիռների և կործանիչների մեծ մասը:

Ավիաբազայի գործով մեղադրվողների թվում է նաև ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար (2013-2015 թթ.), բանակի գեներալ Աքըն Օզթյուրքը:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձ է կատարվել, որին ներգրավված էր զինված ուժերի բարձրաստիճան սպաների մի մասը, Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա: Հեղաշրջումից հետո Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ են ձերբակալվել և հեռացվել:

Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը (Գյուլենը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում):

Թուրքիայի ՌՕՈւ «Աքընջը» ավիաբազան գտնվում է Անկարա քաղաքից 35 կմ հյուսիս-արևմուտք, այն տեղակայված է Անկարա նահանգի Քահրամանքազան նահանգում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *