Վրաստանում մեկնարկում է ուժային կառույցների աշնանային զորակոչը

Հուլիսի 31-ին Վրաստանի վարչապետի ընդունած որոշմամբ Վրաստանի պաշտպանության, ներքին գործերի, պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարություններում և պետանվտանգության ծառայությունում մեկնարկել է զորակոչը:

Որոշումը հրապարակվել է Վրաստանի պետական օրենսդրական տեղեկագրում:

Զորակոչիկների թիվը, համեմատած գարնանային զորակոչի հետ, աճել է մոտ 10 տոկոսով: Երկրի զինված ուժերի շարքերն աշնանային զորակոչի ընթացքում կհամալրի 1500 քաղաքացի:

Կտրուկ կրճատվել են Վրաստանի պետանվտանգության ծառայությունների համար նախատեսված տեղերը, ընդամենը՝ 20 զորակոչիկ: Ուժային կառույցներում զորակոչ անցկացվում է տարվա մեջ երկու անգամ՝ գարնանը և աշնանը:

Կառույցը 2016-1 2016-2 2017-1 2017-2
ՊՆ 1000 0 1400 1500
ՆԳՆ 720 1250 865 1225
Պրոբ. 1020 1103 1000 1280
ՊԱԾ 443 0 422 20
Ընդհ 3183 2353 3687 4025

Հիշեցնենք, որ Վրաստանի ԶՈւ շարքերում զորակոչը վերականգվել է երկրի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի որոշմամբ: Լևան Իզորիային նախորդող Թինաթին Խիդաշելին իր պաշտոնավարման վերջին օրերին չեղարկել էր Վրաստանի ՊՆ կազմում 2016 թվականի երկրորդ զորակոչը, սակայն ներկա նախարարը նշանակվելուց անմիջապես հետո վերականգնեց այն:

Անհրաժեշտ մարտական պատրաստության բացակայությունը և «զորակոչիկների ծառայության ստրկային պայմանները» պարտադիր զինվորական ծառայության դեմ Խիդաշելիի գլխավոր  փաստարկներից էին:

Լևոն Իզորիայի պաշտոնին նշանակումից հետո զանգվածային բարեփոխումներ են իրականացվել, այդ թվում նաև՝ հեռացումներ: Արդյունքում վրաստանցի զինվորականների խոսքով՝ միջոցներ են խնայվել զորակոչիկների մարտական պատրաստության աստիճանի բարելավման համար: Հենց սրանով է պայմանավորոված զորակոչիկների և զինծառայողների համար Վրաստանի զինված ուժերի շարքերում նորամուծությունները:

Առաջին հերթին երդման արարողությունից հետո  վրաստանցի զորակոչիկները կանցնեն մարտական պատրաստության երեքամսյա դասընթաց,  նմանօրինակ դասընթաց անցնում են նաև պայմանագրային զինծառայողները: Ծառայության ժամկետը նույնպես փոխվել է. 15 ամսվա փոխարեն այժմ ծառայությունը կտևի  12 ամիս: Ծառայության ընթացքում ամեն օր նույնպես նախատեսված են մարտական պատրաստության դասընթացներ:

Վրաստանի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը գնահատվում է շուրջ 20 հազար զինծառայող, իսկ ընդհանուր թվաքանակը չի կարող գերազանցել 37 հազարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *