Ադրբեջանում պատրաստվում են սերիական արտադրության դնել նոր զրահամեքենա. Յավեր Ջամալով

Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել է, որ ավարտել են «Թուֆան» զրահամեքենան արտադրության դնելու աշխատանքները: Զրահամեքենան սերիական արտադրության նախատեսվում է դնել «մոտ ապագայում»: Այս մասին հայտնել է նախարարության կայքը:

Մինչ այս Ադրբեջանը 2016-ի սեպտեմբերին ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացրել էր «Թուֆան» զրահամեքենայի մակետը: Այդ ժամանակ ևս պնդում էին, որ այն ամբողջովին տեղական նախագծման է:

Զրահամեքենայի առաջին փորձնական օրինակը ներկայացվել է 2017 թ. մայիսին Թուրքիայում անցկացված IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:

Ադրբեջանի ռազարդյունաբերության նախարարության «Թուֆան» զրահամեքենան Ստամբուլի IDEF ցուցահանդեսի ժամանակ

Ադրբեջանի ռազարդյունաբերության նախարարության «Թուֆան» զրահամեքենան Ստամբուլի IDEF ցուցահանդեսի ժամանակ

«Թուֆանն» պատկանում է զրահամեքենաների MRAP դասին (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) զրահամեքենա է: Նշված տեսակի զրահամեքենաները պաշտպանված են ինքնաշեն պայթուցիկ սարքերից և հրազենի կրակոցներից:

«Թուֆան» զրահամեքենայի մարտավարատեխնիկական բնութագրերը՝

  • Սպառազինությունը՝ 12,7 մմ տրամաչափի գնդացիր,
  • այլ պարագաներ՝
    • ծխանռնակներ,
    • լազերային հեռաչափ,
    • ջերմացույց տեսանկարահանող սարքեր:
  • Զանգվածը՝ 12.300 կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 85 կմ/ժ,
  • Շարժիչը՝ 550 ձիաուժ, 8 կամ 12 մխոցանի տուրբո-դիզելային:

Զրահամեքենան կարող է տեղափոխել մինչև 10 մարդ, ներառյալ վարորդը, հրամանատարը և հետևակի 8 զինծառայողները:

Ադրբեջանում արտադրվող «Թուֆան» զրահամեքենա

Ադրբեջանում արտադրվող «Թուֆան» զրահամեքենա

Ադրբեջանում արտադրվող/հավաքվող զրահամեքենաները.

Ադրբեջանում մինչ այս ևս նման տիպի զրահամեքենաներ արտադրվել են, սակայն այդ մեքենաների մասով հայտնի է, որ դրանք Ադրբեջանում չեն նախագծվել: Ադրբեջանը զրամեքենաների հավաքման ոլորտում համագործակցում է Հարավաֆրիկյան Հանրապետության հետ, հավաքում ճապոնական արտադրության մեքենա: Ստորև ներկայացնում ենք Ադրբեջանում հավաքվող այն զրահամեքենաները, որոնց մասին տեղեկություն կա բաց աղբյուրներում:

Հավաքվել են հետևյալ զրահամեքենաները՝

Ադրբեջանը 2008 թ. զրահամեքենաների շուրջ համագործակցում է հարավաֆրիկյան Paramount Group ընկերության հետ: Նույն տարում Ադրբեջանն առաջին անգամ գնել է այդ ընկերության արտադրության Marauder և Matador զրահամեքենաները։ Հետագայում Ադրբեջանը սկսել է հավաքել նաև նշված զրահամեքենաներից:

Marauder («Մարադյոր»).

  • Երկարությունը՝ 5,5 մ,
  • Լայնությունը՝ 2,3 մ,
  • Զանգվածը՝ 9 տոննա
  • Մարտական զանգվածը՝ 15 տոննա,
  • Առավելագույն արագությունը՝ 120 կմ/ժ,
  • Անձնակազմը՝ 10 զինծառայող,
  • Հիմնական սպառազինությունը՝ 7,62 մմ գնդացիր:

Matador («Մատադոր»).

  • Մարտական զանգվածը՝ 14,5 տ,
  • Անձնակազմը՝ 2 զինծառայող,
  • Դեսանտը՝ 12 զինծառայող,
  • Երկարությունը՝ 6,5 մ,
  • Լայնությունը՝ 2,3 մ,
  • Հիմնական սպառազինությունը՝ 7,62 մմ գնդացիր:

Gürzə 2 — Gürzə («Գյուրզա») զրահամեքենայի արդիականացում

ՄԵքենան հավաքվում է Toyota Hilux 4×4 զրահամեքենայի բազայի վրա: արդիականացված տարբերակի վրա տեղադրվել են հավելյալ գնդացիր՝ НСВ-12.7 մմ, ԱԳՍ-30 ավտոմատ նռնականետ, հնարավոր է տեղադրել նաև հակատանկային կառավարվող հրթիռ:

Մեքենայի կողերին ամրացվում են 2 միավոր 7,62 մմ գնդացիրներ՝ 800 կրակոց/րոպե կրակի տեմպով: Գնդացիրի արդյունավետ խոցման առավելագույն հեռահարությունը 1500 մ է (ըստ էության ադրբեջանական կողմը «Կալաշնիկովի գնդացրի» (ПК) ՄՏԲ-ն է ներկայացրել՝ խմբ.): 

  • Շարժիչի ծավալը — 2500 քսմ
  • Մեքենայի երկարությունը — 5,3 մ,
  • Լայնությունը – 1,7 մ,
  • Բարձրությունը — 2,1 մ: 
Ադրբեջանում հավաքվող «Գյուրզա-2» զրահամեքենա

Ադրբեջանում հավաքվող «Գյուրզա-2» զրահամեքենա

Նախատեսվում է արտադրել՝

İldırım (հայ.՝ «Կայծակ») — Ադրբեջանի և ՀԱՀ համատեղ արտադրության զրահամեքենա: 2016 թ. ադրբեջանական կողմը հայտնել էր, որ այն նախատեսվում է սերիական արտադրության հանձնել 2017 թ.: Առայժմ հավելյալ տեղեկություններ չկան:

  • Հիմնական զենքը — 12,7 մմ գնդացիր,
  • Անձնակազմը — 12 մարդ,
  • Զանգվածը — 13 տոննա,
  • Բարձրությունը — 3,3 մ,
  • երկարությունը — 7,4 մ,
  • Լայնությունը — 2,3 մ,
  • Միջանվային տարածությունը — 4,2 մ,
  • Շարժիչը — 6-մխոցանի: 

Բացի այս Ադրբեջանը նաև ներկրում է զրահամեքենաներ: Մասնավորապես 2016 թ. ադրբեջանական կողմն Իսրայելից գնել է առնվազն 5 միավոր SandCat զրահամեքենա:

Ադրբեջանում հավաքվող «Իլդըրըմ» զրահամեքենա

Ադրբեջանում հավաքվող «Իլդըրըմ» զրահամեքենա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիգովը. թիկունքում՝ իսրայելական արտադրության SandCat զրահամեքենաներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիգովը. թիկունքում՝ իսրայելական արտադրության SandCat զրահամեքենաներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *