Մեկնարկել է զինյալների դուրսբերումը Լիբանանի Արսալ շրջանից

Հուլիսի 31-ին մեկնարկել է Լիբանանի Արսալ շրջանից ահաբեկչական խմբավորումների զինյալների և նրանց ընտանիքի անդամների տեղափոխումը դեպի Սիրիայի տարածք: Այս մասին հայտնում է Al-Masdar լրատվակայքը:

Արսալ շրջանից զինյալների դուրսբերումը կատարվում է լիբանանյան շիայական «Հեզբոլլահ» շարժման և «Թահրիռ աշ-Շամ» խմբավորման միջև եղած համաձայնությամբ: Զինյալ կառույցից բացի «Հեզբոլլահը» նաև Լիբանանում կուսակցություն է:

Նշվում է, որ զինյալները և նրանց ընտանիքի անդամները (շուրջ 9000 մարդ) տարհանվելու է Լիբանանից դեպի Սիրիայի Իդլիբի շրջան: Նույն համաձայնությամբ զինյալները ազատ են արձակելու իրենց մոտ դեռ 2015-ից գերի պահվող «Հեզբոլլահի» 5 անդամի:

Ավելի վաղ՝ հուլիսի 28-ին, նման համաձայնության մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել էին Արսալի տղական իշխանությունները: Նշվում էր, որ «Հեզբոլլահի» և ահաբեկչական «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման միջև եղած համաձայնությամբ Արսալը լքելու է շուրջ 200 զինյալ:

«Թահրիռ աշ-Շամը» տարբեր զինյալ խմբավորումների հավաքական է, որի մասն է նաև «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորումը:

Մինչ այս սիրիա-լիբանանյան սահմանի լեռնային հատվածներում մարտեր էին ընթանում «Հեզբոլլահի» և ահաբեկչական խմբավորումների միջը: «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը հուլիսի 26-ին հայտնել էր, որ շարժումը կարողացել է ահաբեկիչներից ազատագրել սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող Արսալ նահանգի մեծագույն մասը։

Ահաբեկչական խմբավորումները Արսալ նահանգի լեռնային տարածքն օգտագործում էին դեպի Սիրիա զենքի ապօրինի տեղափոխման համար: Այդ հատվածներում գործում է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *