Իրաքի Քրդստանում հրադադար է հաստատվել

Դեկտեմբերի 13-ին Իրաքի կառավարությունը և Իրաքի քուրդ փոքրամասնությունը մեկ ամիս ընդհարումներից հետո հրադադարի համաձայնության են եկել, հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես» լրատվական գործակալությունը:

Ընդհարումները սկսվել էին նոյեմբերի 15-ին Իրաքի Թուզ Խորմատո քաղաքում (Քիրքուքից մոտ 90կմ հարավ), երբ տեղի ոստիկանները հետևելով փախուստի դիմած հանցագործին, մտել էին քրդական կուսակցության շենք, որից հետո փոխհրաձգություն էր սկսվել ոստիկանների և քրդերի միջև։ Արդյունքում զոհվել էր մեկ քաղաքացի, իսկ չորս ոստիկան վիրավորվել էին։

Փոխհրաձգությունից հետո երկու կողմերն էլ տարածաշրջանում ավելացրել էին իրենց իրենց զինված ներկայությունը։ Իրաքյան Քրդստանի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին իր որդու հետ այցելել էին Քիրքուքում տեղակայված քուրդ զինվորներին։ Հեռուստատեսությամբ հեռարձակված այցը վրդովմունք է առաջացրել Իրաքի արաբների շրջանում, ովքեր Բարզանիին համեմատել են Սադամ Հուսեյնի հետ, իսկ ոմանք էլ դժգոհել են, որ Բարզանին իրեն պահում է այնպես, կարծես անկախ երկրի ղեկավար է:

Մասուդ Բարզանիի և Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկի միջև համաձայնության միջնորդն Իրաքի նախագահ՝ ազգությամբ քուրդ, Ջալալ Թալաբանին է ։ Որոշվել է դադարեցնել իրար դեմ ուղղված բացասական քարոզչությունը և աշխատել զինված ուժերը բախումների շրջանից դուրս բերելու ուղղությամբ։ Սակայն համաձայնության մեջ դուրսբերման հստակ ժամկետ նշած չէ։
Մինչ այդ դեկտեմբերի 12-ին «Financial Times» թերթը հաղորդել էր, որ Թուրքիան և Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունները Իրաքի Քրդստանից Թուրքիա նավթի և գազի արտահանման բանակցությունների եզրափակիչ փուլում են: Ըստ հաղորդագրության՝ եթե պայմանագիրը կնքվի, ապա մինչև այս տասնամյակի ավարտ Իրաքյան Քրդստանից Թուրքիա կարտահանվի օրական 3 միլիոն բարել նավթ, որից առնվազն 1 միլիոնը կարտահանվի Իրաքի այլ շրջաններից և տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազ:

Սակայն Իրաքի ղեկավարությունը դեմ է պայմանագրին, քանի որ դա կարող է խրախուսել ինքնավար Քրդստանի անջատողական միտումները: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Վաշինգտոնը նույնպես դեմ է առանց Իրաքի կառավարության թույլատվության երկրից նավթի արտահանմանը:

Բանակցություններին տեղյակ աղբյուրները Financial Times-ին հայտնել են որ ստեղծվելու է նոր ընկերություն է, որը վերահսկվելու է Թուրքիայի պետական նավթի և գազի ընկերությունների կողմից: Ըստ որոշ տվյալների Իրաքի Քրդիստանի ընդերքում մոտավորապես 45 միլիարդ բարել նավթի պաշար կա:

Թուրք պաշտոնյաները պնդում են, որ հարգում են Իրաքի տարածքային ամբողջականությունը և Իրաքի սահմանադրությունը, ըստ որի Իրաքի բնական պաշարները պատկանում են Իրաքի ողջ ժողովրդին և ցանկացած համաձայնագիր պիտի հաստատվի Իրաքի կառավարության կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *