Վրաստանում մեկնարկել է Noble Partner 2017 զորավարժությունը

Հուլիսի 30-ին «Վազիանի» զորավարժարանում մեկնարկել է Noble Partner 2017 միջազգային զորավարժությունը, որին այս տարի մասնակցում են նաև Հայաստանի ԶՈւ ներկայացուցիչներ։ Վարժանքներն ավարտվելու են օգոստոսի 12-ին։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Noble Partner զորավարժության բացման արարողության ժամանակ

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Noble Partner զորավարժության բացման արարողության ժամանակ

Հայաստանից բացի, որը զորավարժությանը ներգրավված է դաշտային հոսպիտալի կազմով, ներգրավված են նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Սլովենիան,, Թուրքիան, Գերմանիան, Ուկրաինան։

Վարժանքները համալիր բնույթ են կրում, դրանք թե՛ հրամանատարաշտաբային են, թե՛ դաշտային։ Դաշտային պարապմունքների ընթացքում մշակվելու են հարձակողական և ավիադեսանտային գործողություններ։ Վարժանքներին մասնակցում է 2800 զինծառայող։

Զորավարժության համար Վրաստան է բերվել ամերիկյան և գերմանական զինտեխնիկա, մասնավորապես՝ «Մ1Ա2 Աբրամս» տանկեր, «Բրեդլի» և «Սթրայքեր» զրահափոխադրիչներ, գերմանական «Բոքսեր» հետևակի մարտական մեքենաներ:

Կիրառվելու է նաև վրացական զրահատեխնիկա, Տ-72 տանկեր, ԲՄՊ-2, 115 մմ «Դանա» ինքնագնաց հրթիային կայան և «Դիդգորի» զրահամեքենաներ։ Զորավարժությանը նաև կներգրավվեն C-130 բեռնատար ինքնաթիռներ:

Noble Partner-ը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համատեղ զորավարժություններից է։ Պետությունները վարժանքներ են անցկացնում 7 երկրի տարածքում։ Մինչ այս զորավարժություն է անցկացվել Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի (Saber Guardian) տարածքում և Ուկրաինայի տարածքում (See Breeze)։

Ամերիկյան զինտեխնիկան Noble Partner 2017 զորավարժության բացման արարողության ժամանակ

Ամերիկյան զինտեխնիկան Noble Partner 2017 զորավարժության բացման արարողության ժամանակ

Noble Partner զորավարժությունն առաջին անգամ Վրաստանում անցկացվել է 2015 թվականին: 2016 թ. անցկացված զորավարժությանը մասնակցել են ԱՄՆ ԶՈւ 650 զինծառայող, 150 բրիտանացի զինծառայող, ինչպես նաև Վրաստանի ԶՈւ 500 զինծառայող:

Նախորդ անգամ ևս ներգրավվել էր ամերիկյան զինտեխնիկա՝ 3 միավոր С-130 և 1 միավոր С-17 բեռնատար ինքնաթիռներ, որոնցից էլ դեսանտավորվել է զորավարժությանը մասնակցող զինծառայողների և տեխնիկայի մի մասը: Ներգրավել էին նաև ամերիկյան М1А2 Abrams տանկեր և Bradley հետևակի մարտական մեքենաներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *