Որքան էլ ադրբեջանական կողմը հայտարարի միայն հարձակողական գործողությունների ու զորավարժությունների մասին, նրանք պատրաստվում են նաև պաշտպանողական գործողությունների։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։
Հարցին, թե ադրբեջանական բանակն ինչին է պատրաստվում՝ հարձակողական, թե պաշտպանական գործողությունների, ՊԲ հրամանատարը պատասխանել է, որ պետք է բաժանել երկու մասի՝ ադրբեջանական գործողություններն ըստ իրենց հայտարարությունների և ադրբեջանական բանակի իրական գործունեությունը։
«Հայտարարությունների մասով՝ իրենք միայն ու միայն հարձակվում են, միայն ու միայն հարձակողական գործողություններ են իրականացնում և դրա մասին բացահայտ ներկայացնում են համացանցում։ Այլ պատկեր է իրական գործունեությունը … Իրենք ոչ թե [միայն] հարձակողական բնույթի գործողություններ, պարապմունքներ են իրականացնում, այլ կարելի է ասել՝ 50-50՝ մի մասը պաշտպանողական, մի մասը հարձակողական», — նշել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։
Հրամանատարի խոսքով՝ հայկական կողմի դիտարկումներից պարզ է դառնում, որ Ադրբեջանի բանակը մինչև իսկ իր խորքում ինժեներական պատրաստություններ է տեսնում հայկական կողմի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար։ Մնացականյանի խոսքով՝ մինչև հակառակորդի 10-15 կմ խորություններում այս պատրաստությունները հնարավոր է եղել բացահայտել հայկական կողմի դիտարկման համակարգերի միջոցով։
«… Մեր դիտարկման համակարգերով մենք հնարավորություն ունենք դիտարկելու իր խորքը և՛ ցերեկը, և՛ գիշերը։ Մինչև 10-15 կիլոմետր հեռավորությունների վրա մենք դիտարկում ենք և տեսնում ենք՝ ինչպիսի ահռելի իրենք էլ աշխատանքներ են կատարում ինժեներական առումով՝ մինչև 7 կիլոմետր, մինչև 10-15 կիլոմետր խորքում»։
Պաշտպանության բանակի հրամանատարի խոսքով՝ դա նշանակում է, որ ադրբեջանական կողմում գիտեն, որ երբ գա ժամանակը, իրենք պետք է նաև պաշտպանվեն։ Պաշտպանության բանակը անհրաժեշտության դեպքում անցնելու է հարձակման և իր խնդիրներն է լուծելու այդ տարածություններում։
Նույն հարցազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է ադրբեջանական կողմից հնարավոր նոր հարձակմանը, ՊԲ հրամանատարը պատասխանել է․
«Իհարկե պատրաստ ենք։ Եթե նոր հարձակում լինի, այդ հարձակման ընթացքում ջախջախիչ հարված հասցնելով հակառակորդին՝ իհարկե մենք անցնելու ենք հակահարձակողական գործողությունների։ Եվ այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող և՛ անվտանգության գոտու լայնությունը, և՛ անվտանգության գոտու խորությունը։ Միանշանակ 2016 թվականի ապրիլյան գործողությունների սահմանափակ այդ հենակետերը, որ անցել է իրենց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են»։
Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև․