Այսօր՝ հուլիսի 28-ին, Հայաստանի զինված ուժերի՝ Տավուշի մարզի դիրքերից մեկում հրազենի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արկադի Լևոնի Ղամբարյանը: Այս մասին տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Առայժմ անհայտ է՝ զինծառայողը մահացել է հակառակորդի կրակոցից, թե ոչ: Զինծառայողի մահվան այս և մյուս հանգամանքները դեռ ճշտվում են:
[Լրացում] Հուլիսի 31-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի մահվան դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու մարմնական վնասվածքն ստացել է 2017 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) 3-րդ մասով:
Կատարվում է քննություն: