Հուլիսի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է այդ երկրում Պակիստանի արտակարգ և լիազոր դեսպան Սաիդ Խան Մոհմանդին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում Ադրբեջանի և Պակիստանի համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը նաև կարևորել են Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ գնելու վերաբերյալ Պակիստանի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագիրը:
Բացի այդ, հանդիպման ընթացքում Պակիստանի դեպանը Զաքիր Հասանովին է ներկայացրել Ադրբեջանում ռազմական նոր կցորդ, գնդապետ Նադեմ Յաքուբ Չաուդրիին:
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը և Պակիստանը պայմանագիր են կնքել Ադրբեջանին 10 միավոր պակիստանյան արտադրության MFI-395 Super Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռ վաճառելու վերաբերյալ:

Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար և ինքնաթիռները արտադրող Pakistan Aeronautical Complex ընկերության ներկայացուցիչը պայմանագիրը կնքելիս
Super Mushshak-ը շվեդական Saab ընկերության MFI-17 Supporter ինքնաթիռի՝ 1980-ական թթ. Պակիստանում արդիականացված և արտոնագրով արտադրվող տարբերակն է: Մինչև այժմ Պակիստանը մոտ 100 Super Mushshak ինքնաթիռ է վաճառել 8 երկրի, այդ թվում նաև Իրանին, Իրաքին, Օմանին և Սաուդյան Արաբիային։ Այդ ինքնաթիռներից ձեռք բերելու համար Պակիստանի հետ պայմանագիր է կնքել նաև Թուրքիան: