Իրանի կրող հրթիռի արձակումը ԱՄՆ-ն ՄԱԿ-ի բանաձևի խախտում է անվանել

Հուլիսի 27-ին Իրանը «Սիմորղ» անվանումով կրող հրթիռ էր արձակել տիեզերք: Հրթիռի արձակումը ԱՄՆ-ն ՄԱԿ-ի 2231 բանաձի խախտում է անվանել: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

«Մենք դա ՄԱԿ-ի 2231 բանաձի խախտում ենք համարում, բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրի շարունակություն», — հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերտը:

Իրանի «Սիմորղ» կրող հրթիռը արձակման պահին

Իրանի «Սիմորղ» կրող հրթիռը արձակման պահին

«Սիմորղ» կրող հրթիռը կարող է ուղեծիր դուրս բերել մինչև 250 կգ բեռ: ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը ընդունվել է Իրանի և «վեցյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո:

Համաձայն բանաձևի՝ Իրանը պարտավոր է հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ծրագրից: Բանաձևով արգելվում է նաև միջուկային մարտագլխիկ կրելու ունակ բալիստիկ հրթիռների փորձարկումը, սակայն ըստ Իրանի՝ երկրի հրթիռային ծրագիրը բացառապես պաշտպանական դոկտրինի շրջանակներում է և չի հակասում ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևին, քանի որ հրթիռները միջուկային մարտագլխիկներ չեն կրում։

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը հաստատել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը: Օրինագծով պատժամիջոցներ են սահմանվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում են Իրանի բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին:

«Ահաբեկիչներին աջակցելու» մեղադրանքով պատժամիջոցներ են նախատեսվում նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ (ԻՀՊԿ):

Ըստ օրինագծի՝ ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր կաջակցեն Իրանին կամ Իրանից արգելված սպառազինության (տանկեր, զրահամեքենաներ, մարտական ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ, հրթիռային համակարգեր) մատակարարմանը:

Մինչ այդ Իրանի խորհրդարանը հաստատել էր «ԱՄՆ ահաբեկչական և արկածախնդիր գործողություններին դիմակայելուն» ուղղված օրինագիծը։ Օրինագծով սահմանվում են ԱՄՆ «ահաբեկչական, ահաբեկիչներին աջակցող, մարդու իրավունքները խախտող գործողություններին» դիմակայելուն ուղղված քայլեր։

Նախատեսվում է նաև երկրի հրթիռային արտադրության զարգացման համար հատկացնել 1000 մլրդ թուման (308 մլն դոլար), ևս 1000 մլրդ թուման պետությունը պարտավորվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը տրամադրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *