Ս-400-ների վաճառքի հարցում կողմերը գրեթե համաձայնվել են. Թուրքիայի նախագահի խոսնակ

Թուրքիային Ս-400 հակաօդային պաշտպաության համակարգեր մատակարարելու հարցում Ռուսաստանը և Թուրքիան հիմնականում համաձայնության են եկել: Այս մասին հուլիսի 27-ին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական Habertürk TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

«Կարող ենք հանգիստ ասել, որ այդ գործը մեծամասամբ ավարտվել է: Համաձայնության հետ կապված մանր-մունր մի քանի հարց կա: Սակայն կարող ենք ասել, որ հիմնական գծերով համաձայնության հասել ենք»,-ասել է նախագահի խոսնակը:

Խոսնակը նաև հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ՀՕՊ համակարգերի վաճառքի համար 6-7 տարի է, ինչ բանակցում է, սակայն այդ երկրները չեն բավարարել Թուրքիայի պահանջները: Նրա խոսքով՝ Ս-400-ների հարցում համաձայնության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը արտադրական տեխնոլոգիաների տեղայնացման ապահովումն է:

Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Ս-400-ների վաճառքի համար քայլեր են ձեռնարկել, ստորագրություններ են դրել և հույս է հայտնել է, որ մոտ ապագայում Ս-400-ները տեղակայվելու են Թուրքիայում: Նա նաև նշել է, որ Ս-400 ՀՕՊ համակարգերը չպետք է լարվածության պատճառ դառնան Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կողմերը պաշտոնական մակարդակներով հայտարարել էին, որ Ս-400 համակարգերի վաճառքի համար տեխնիկական աշխատանքները ավարտվել են, սակայն շարունակվում է ֆինանսական հարցերի քննարկումը: Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն, սակայն, հայտարարել է, որ Ռուսաստանը Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ չի փոխանցի Թուրքիային:

Թուրքական կողմը պարբերաբար հատարարում է, որ այդ համակարգերի գնումը Թուրքիայի համար անհրաժեշտությունից դրդված քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ցանկացել Թուրքիայի ՀՕՊ համակարգեր վաճառել իրենց ցանկացած պայմաններով:

Հիշեցնենք, որ մի քանի տարի է, ինչ Թուրքիան ցանկանում է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: 2013-ին հայտարարված մրցույթում հաղթել էր չինական ընկերություն, աակայն ՆԱՏՕ-ի ճնշմամբ պայամանագիրը չեղարկվեց:

ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են Թուրքիային ՀՕՊ համակարգեր վաճառել, ինչի պատճառն այն է, որ Թուրքիան պահանջում էր նաև համատեղ արտադրության տեխնոլոգիաներ: 2016-ի հոկտեմբերից Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ՝ Ս-400 համակարգեր ստանալու շուրջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *