ԱՄՆ Սենատը հաստատել է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը

Հուլիսի 27-ին ԱՄՆ Սենատը ձայների 98 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ հաստատել է Իրանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը: Օրինագիծը գործարկելու համար դեռ անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ.

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում, մարտ 2016թ.

Օրինագծով պատժամիջոցներ են սահմանվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում են Իրանի բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին:

«Ահաբեկիչներին աջակցելու» մեղադրանքով պատժամիջոցներ են նախատեսվում նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ (ԻՀՊԿ):

Ըստ օրինագծի՝ ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր կաջակցեն Իրանին կամ Իրանից արգելված սպառազինության (տանկեր, զրահամեքենաներ, մարտական ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ, հրթիռային համակարգեր) մատակարարմանը:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների օրինագիծը ավելի վաղ հաստատել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը: Անդրադառնալով ԱՄՆ նոր պատժամիջոցների օրինագծին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը ԱՄՆ այս քայլին անհրաժեշտ պատասխան կտա և կշարունակի ամրացնել իր պաշտպանական կարողությունը առանց որևէ մեկին ուշադրություն դարձնելու։

Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին էլ հայտարարել էր, որ ԱՄՆ նոր պատժամիջոցներին դիմակայելուն ուղղված նոր օրինագիծ է քննարկվում խորհրդարանում։

Իրանի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը հունիսի 15-ին հաստատվել էր ԱՄՆ Սենատի կողմից, այնուհետև ուղարկվել Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։

Սակայն Ներկայացուցիչների պալատը արգելափակել էր օրինագծի ընդունումը՝ Սենատի կողմից օրինագծի առաջադրելը օրենքի խախտում համարելով (պետական ծախսերի հետ կապ ունեցող ցանկացած ձեռնարկում պետք է նախ քննարկվի Ներկայացուցիչների պալատում, հետո նոր Սենատում)։

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինները

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինները

Հետագայում արդեն Ներկայացուցիչների պալատը օրինագծին ավելացրել է նաև Հյուսիսային Կորեայի պատժամիջոցների փաթեթը և ուղարկել քվեարկության:

Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել իրանական 18 ընկերության և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ «Իրանի բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին, Իրանի ռազմական գնումներին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) աջակցելու» մեղադրանքով։

Միաժամանակ Իրանի խորհրդարանը հաստատել էր «ԱՄՆ ահաբեկչական և արկածախնդիր գործողություններին դիմակայելուն» ուղղված օրինագիծը։ Օրինագիծը ընդունվել էր ձայների 213 կողմ, 6 դեմ և մեկ չեզոք հարաբերակցությամբ։

Օրինագծով սահմանվում են ԱՄՆ «ահաբեկչական, ահաբեկիչներին աջակցող, մարդու իրավունքները խախտող գործողություններին» դիմակայելուն ուղղված քայլեր։ Նախատեսվում է նաև երկրի հրթիռային արտադրության զարգացման համար հատկացնել 1000 մլրդ թուման (308 մլն դոլար), ևս 1000 մլրդ թուման պետությունը պարտավորվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը տրամադրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *