ԵՄ ղեկավարները քննարկել են Սիրիայի ապստամբներին զենք տրամադրելու սահմանափակումները թեթևացնելու հարցը

Դեկտեմբերի 14-ին Եվրոպական Միության (ԵՄ) 27 երկրների ղեկավարների գագաթնաժողովին Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրանսուա Օլանդը և Բրիտանիայի վարչապետ Դևվիդ Քեմերոնը փորձել են մյուս երկրների ղեկավարներին համոզել Սիրիայի ապստամբներին զենք չտրամադրելու սահմանափակումը թեթևացնել, բայց ապարդյուն, հաղորդում է «Ուոլ Սթրիթ» օրաթերթը:

Ներկայում ԵՄ երկրներում արգելված չէ Սիրիայի ապստամբներին մատակարարել ոչ լետալ սարքավորումներ, բայց Ֆրանսիան և Բրիտանիան փորձում են թեթևացնել նաև զենք տրամադրելու սահմանափակումները:

Ֆրանս-բրիտանական այդ նախաձեռնությանը դեմ են եղել Գերմանիան, Հոլանդիան և Շվեդիան, բայց գագաթնաժողովի ավարտից հետո 27 երկրների ղեկավարների հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ հարցը շուտով նորից կքննարկվի: ԵՄ ղեկավարները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը անվանել են «անօրինական» և նրան կոչ են արել հեռանալ:

Ակնկալվում է, որ ԵՄ արտգործ նախարարներն ապստամբներին զենք տրամադրելու հարցը նորից քննարկելու են հունվարին, որը թույլ կտա սահմանափակումները փոխել մինչև փետրվար:

ԵՄ անդամ երկրները բացասական են վերաբերվում Սիրիայում ռազմական դեր խաղալու հարցին: Նրանք մերժել են Սիրիայում «ոչ թռիչքային գոտի» և մարդասիրական միջանցք ստեղծելու առաջարկները: Որոշ երկրներ կարծում են, որ ապստամբներին զենք տրամադրելու դեպքում այնտեղ արյունահեղությունը ավելի կսաստկանա: Բացի այդ կան նաև մտավախություններ որ տրամադրված զենքը կընկնի ծայրահեղականների ձեռքը, որոնք հետո այն կօգտագործեն նաև եվրոպացիների դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *