Իրանի բանակի ցամաքային ուժերի հետևակային բրիգադները վերափոխվել են գրոհային բրիգադների: Ընդհանուր առմամբ ցամաքային ուժերում կազմավորվել է 21 գրոհային բրիգադ: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին: Հուլիսի 26-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
«Հետևակային բրիգադները իրենց նախկին նշանակությամբ այլևս գոյություն չունեն. բոլորը վերածվել են գրոհային բրիգադների», — ասել է Հեյդարին:
Դեռ 2017-ի ապրիլին Հեյդարին հայտարարել էր, որ ցամաքային ուժերի հետևակային և հատուկջոկատային բրիգադները վերածվելու են գրոհային բրիգադների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փոփոխություն էր տեղի ունեցել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերում, որտեղ հատուկ նշանակության ստորաբաժանումները վերածվել էին արագ արձագանքման ուժերի։