Սիրիայի «ապաէսկալացման կամ ոչ բախումային գոտիներում» ներկայում ծառայություն է իրականացնում Ռուսաստանի ԶՈւ ռազմական ոստիկանության 4 գումարտակ: Այս մասին հուլիսի 26-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Շոյգուն հայտարարել է, որ այդ գումարտակները կազմակերպվել են Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանից: Նա նաև նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Հարավային ռազմական շրջանը էլ ավելի հզորացնելու համար և այդ նպատակով վերջին կես տարում մոտ 600 միավոր նոր զինտեխնիկա և սպառազինություն է տրամադրվել միավորմանը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սիրիայի «ոչ բախումային գոտիներից» արևելյան Գուտայում սկսել են գործել Ռուսաստանին զինված ուժերի և Սիրիայի կառավարական բանակի համատեղ անցակետերն ու դիտակետերը: Այդ մասին համաձայնությունը ձեռք է բերվել հուլիսի 22-ին:
Հիշեցնենք, որ մինչև այժմ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սիրիական ճգնաժամի լուծման համար անցկացվել է բանակցությունների 5 փուլ: Դրանք անցկացվել են 2017 թ. հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16-ին, մարտի 14-15-ին, մայիսի 3-4-ին և հուլիսի 4-5-ին:
Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման համար օպերատիվ խմբի ստեղծման և 4 «ոչ բախումային գոտի» ստեղծելու վերաբերյալ: Բացի այդ, 2016-ի դեկտեմբերի վերջից Սիրիայում հրադադար է հաստատվել, որի պահպանման երաշխավորները Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն են: