Դեկտեմբերի 13-ին Պենտագոնը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է, որ պատրաստվում է 32 հատ F-35 հինգերորդ սերնդի կործանիչներ գնելու պայմանագիր կնքել «Լոքհիդ Մարտին» ընկերության հետ:
Բազմամիլարդանոց պայմանագիրը պիտի ստորագրվի այսօր՝ դեկտեմբերի 14-ին:
Կործանիչների վերջնական գինը որոշվելու է պայմանագրի ստորագրման ժամանակ, հայտնել է Պենտագոնիպաշտպանական տեխնոլոգիաների, լոգիստիկայի և գնումների վարչության պետ Ֆրանկ Կենդալը: Նա դրական գնահատական է տվել «Լոքհիդ Մարտին» ընկերության հետ մեկ տարի տևած բանակցություններին, չնայած որ դեռ սեպտեմբերին ծրագրի ղեկավարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Քրիստոֆեր Բոգդանը ԱՄՆ պաշտպանության նախարարության և «Լոքհիդ Մարտին» ընկերության հարաբերությունները որակել էր որպես «կյանքումս տեսած ամենավատը» («the worst I have ever seen»)
F-35-ը Պենտագոնի ամենաթանկ ծրագիրն է. նախատեսվում է, որ այն կարժենա մոտ 400 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կանադայի կառավարությունը հրաժարվել է 65 հատ «F-35 Lightning II» կործանիչներ գնելու մտքից՝ պատճառաբանելով գործարքի բարձր արժեքը: Իսկ Իտալիան հունվարին հայտարարել էր, որ 1/3-ով կրճատելու է նախատեսված 131 հատ F-35-երի գնումը, ինչը պայմանավորված է եղել կառավարության ծախսերի կրճատման անհրաժեշտությամբ: