Թուրքիայի զինուժը ավարտել է PKK-ի դեմ գործողությունները Հաքքարի նահանգում

Հուլիսի 10-17-ը Թուրքիայի բանակը, ոստիկանական ուժերն ու ժանդարմերիան համատեղ գործողություններ են իրականացրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգում: Այս մասին հուլիսի 24-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

PKK-ի առգրավված զենքն ու զինամթերքը Հաքքարի նահանգում

PKK-ի առգրավված զենքն ու զինամթերքը Հաքքարի նահանգում

Գործողությունը համակարգել է Թուրքիայի ցամաքային զորքերի 3-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարությունը, դրան մասնակցել են նահանգի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները: Գործողությանը ներգրավված են եղել նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ և Թուրքիայի օդուժը:

Ըստ աղբյուրի՝ 7-օրյա գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 9 զինյալ, ևս 2 զինյալ զենքը վայր է դրել և հանձնվել: Սակայն, թուրքական կողմի տվյալներին պետք է վերապահումով մոտենալ, քանի որ դրանք կարող են միտումնավոր ուռճացված լինել:

Հաքքարի նահանգն անմիջապես սահմանակցում է Իրաքի հյուսիսային շրջաններին, որտեղ էլ տեղակայված են քրդական կառույցի հիմնական բազանները: Բացի այդ, Հաքքարի լեռնային հատվածները ևս քուրդ զինյալների համար հարմար են թաքնվելու և Թուրքիայի ուժայինների դեմ գործողություններ իրականացնելու տեսանկյունից:

Նշենք, որ Թուրքիայի ուժայինների և PKK-ի բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: 2 տարի շարունակվող բախումներում կողմերը ունեն բազմաթիվ նյութական և մարդկային կորուստներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *