Իրանի սահմանապահ ծառայության զորքերը երկրի հյուսիս-արևմուտքում ավտոմատներ, պայթուցիկ նյութեր և այլ ռազմամթերք են հայտնաբերել։ Այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ ծառայության հրամանատար, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային։ Հուլիսի 24-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Իրանի ուժային կառույցները այժմ փորձում են պարզաբանել, թե ում է պատկանում զինամթերքը։
Ավելի վաղ Իրանի հյուսիս-արևմուտքում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները բախվել էին ահաբեկիչների հետ, ինչի հետևանքով սպանվել էր ԻՀՊԿ մեկ զինծառայող, ևս մեկը՝ վիրավորվել։ Բախումների ժամանակ սպանվել էր նաև 3 ահաբեկիչ, ևս 4-ը՝ վիրավորվել։
Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է երկրի անվտանգության հսկողությունը և գործի դնելով բոլոր ուժային կառույցները՝ ահաբեկիչների «որս» է սկսել։ Ահաբեկիչները հայտնաբերվում են հիմնականում երկրի հյուսիսարևմտյան և հարավարևելյան նահանգներում։
Միայն արևմտյան Քերմանշահ նահանգում ձերբակալվել է արդեն 50-ից ավելի ահաբեկիչ, իսկ հյուսիսարևմտյան Արևմտյան Ազարբայջան նահանգում՝ 40-ից ավելի ահաբեկիչ։