Թուրքական «Ասելսանը» ընկերություն է հիմնադրել Մալայզիայում

Թուրքական խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից «Ասելսանը» հեռակառավարվող մարտական մոդուլների մշակմամբ զբաղվող նոր ընկերություն է հիմնադրել Մալայզիայում: Այս մասին հուլիսի 24-ին հայտնում է ընկերության կայքը:

Թուրքական «Ասելսան» ընկերության հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական համակարգ (SARP):

Թուրքական «Ասելսան» ընկերության հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական համակարգ (SARP):

Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Ասելսան» ընկերությանը: «Ասելսան-Մալայզիան» հիմնադրվել է հուլիսի 19-ին:

Թուրքիան և Մալայզիան համագործակցում են ռազմական ոլորտում: Դեռևս 2014-ի հունվարի 10-ին Մալայզիան ու Թուրքիան համաձայնագիր են կնքել ռազմական համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

2017-ի մարտին հայտնի է դարձել, որ Մալայզիայի առափնյա անվտանգության ուժերի ծառայությունը որոշել է «Ասելսան» ընկերության արտադրության նավերի համար նախատեսված «SMASH» 30մմ-ոց հեռակառավարվող հրետանային կայաններ գնել:

Բացի այդ, Մալայզիան համագործակցում է նաև թուրքական FNSS Savunma Sistemleri ընկերության հետ: Մասնավորապես այս ընկերությունը Մալայզիա է արտահանում Pars զրահափոխադրիչներ:

Մալայզիան 2016 թվականի տվյալներով՝ թուրքական ռազմական և ավիացիոն արտադրանքի սպառողների շարքում երրորդն է. զիջում է միայն ԱՄՆ-ին (587 մլն դոլար) և Գերմանիային (185 մլն դոլար): Ըստ Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալների՝ 2016-ին Թուրքիան Մալայզիա է արտահանել շուրջ 99,4 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն արտադրանք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *