Հուլիսի 24-ին Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները տանկերից կրակ են արձակել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման՝ Գազայի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը Twitter-ի իր միկրոբլոգում:
In response, an IDF tank targeted a post belonging to the Hamas terror organization in the southern Gaza strip.
— IDF (@IDFSpokesperson) July 23, 2017
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Գազայի հարավային հատվածին: Իսրայելական կողմը պնդում է, որ բանակը հարվածել է այն բանից հետո, երբ Գազայի հատվածից ՀԱՄԱՍ խմբավորումը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ Գազայի հատվածից արձակված հրթիռների պատճառով մարդկային և նյութական կորուստներ չեն արձանագրվել, դրանք ընկել են բաց տարածությունում:
Նշենք, որ իրադրությունը Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան ափին լարվել է դեռևս հուլիսի 14-ին: Լարվածությունը սկսել է այն բանից հետո, երբ պաղեստինցիներից մեկը Հորդանան գետի արևմտյան ափին սպանել է Իսրայելի 2 ոստիկանի:
Դեպքից հետո իսրայելական իշխանությունները որոշել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ բարձրանալը թույլ տալ միայն մետաղական իրերը հայտնաբերող սարքերով ստուգումից հետո: Սրա պատճառով էլ բախումներ են սկսել իսրայելցիների և պաղեստինցիների միջև:
Terror Attacks by Israel on worshippers at #AlAqsa Mosque right now in Occupied #Jerusalem pic.twitter.com/bwnbfUBunx
— Abbs Winston (@AbbsWinston) July 21, 2017
Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության վրա, հայտնել է, որ 10-օրյա բախումների հետևանքով վիրավորվել է շուրջ 900 պաղեստինցի:
ՀԱՄԱՍ (ամբողջական անվանումով՝ «Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյյա», արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում») պաղեստինյան իսլամամետ կուսակցություն է, որն այժմ վերահսկում է Գազայի հատվածը։ ՀԱՄԱՍ-ը հիմնվել է 1987-ին՝ Պաղեստինի Գազա քաղաքում, երկու խմբավորումների՝ «Մուսուլման եղբայրներ» իսլամական կազմակերպության պաղեստինյան թևի և «Պաղեստինի իսլամական ջիհադի» միավորմամբ։
Կազմակերպությունը հռչակել էր, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ և իրենց պարտականությունը և ռազմավարական նպատակն է ազատագրել Պաղեստինը՝ վերագրավելով Իսրայելը ամբողջությամբ, և հաստատել պաղեստինյան իսլամական պետություն՝ ծովից մինչև Հորդանան։
Հետագայում, սակայն, ՀԱՄԱՍ-ը ճանաչել է Իսրայելի անկախությունը, իսկ 2017-ին ՀԱՄԱՍ-ը հռչակել է իր քաղաքականության նոր սկզբունքների փաստաթուղթը, որում մեղմացրել է նաև հակահրեական շեշտադրումները: Նոր փաստաթղթի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի հակամարտությունը ոչ թե հրեաների հետ է, այլ «սիոնիստական» ծրագրի:
Բացի այդ, 2015-ին ՀԱՄԱՍ-ն Իսրայելին երկարատև խաղաղություն հաստատելու առաջարկների փաթեթ է փոխանցել, որտեղ ներառված են այն պարտավորությունները, որոնք ՀԱՄԱՍ-ը կստանձնի, եթե Գազայի հատվածն ապաշրջափակվի։