Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է СР-10 ուսումնամարզական նոր ինքնաթիռների ձեռքբերման պայմանագիր կնքել: Ենթադրվում է, որ դրանք գալու են փոխարինելու չեխական արտադրության Լ-39 ինքնաթիռներին, որոնց շահագործման ժամկետը լրանում է 2020-ին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» լրատվակայքը՝ հղում անելով Ռուսաստանի ռազմաօդային ուժերում և ինքնաթիռն արտադրող ընկերությունում իր աղբյուրներին:
Նշենք, որ Լ-39 ինքնաթիռները փոխարինելու մեկ այլ տարբերակ են Յակ-130-ները: Եվ մասնավորապես այս նպատակով է Բելառուսը Ռուսաստանից գնում Յակ-130 ինքնաթիռներ:
СР-10 ինքնաթիռն ունի առաջ ուղղված թևեր: Ինքնաթիռը կշռում է 3 տոննա, երկտեղանի մեքենան բացում է մինչև 8100 կմ/ժամ արագություն: Ունակ է բարձրանալու շուրջ 11 կմ:
Այն նախագծվել է «Современные авиационные технологии» մասնավոր ընկերությունում, իսկ արտադրվելու է Սմոլենսկի ավիագործարանում:
«Իզվեստիա» լրատվակայքին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարությունում հայտնել են, որ այս պահին СР-10 ինքնաթիռների ձեռքբերման պայմանագիրը պատրաստ է և համաձայնեցման փուլում է: Տեղեկությունը հաստատել են նաև Սմոլենսկի ավիացիոն գործարանում, որտեղ մեքենան թողարկվելու է զանգվածաբար:
Սարքն ապագայում արտադրող ընկերության տնօրեն Սերգեյ Նիկոլսկին հայտնել է, որ սպասում են՝ պայմանագիրը կստորագրվի մոտակա 2-3 շաբաթվա ընթացքում: Իսկ բանակցությունների դժվարությունը այն է, որ պաշտպանության նախարարությունը առաջին անգամ է մասնավոր ավիաարտադրողի հետ աշխատում: Նոր մեքենան կփոխարինի չեխական Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռները:
Նիկոլսկիի խոսքով՝ պայմանագրի ստորագրման պահից մինչև դրա կատարումը կտևի 1 տարի 2 ամիս: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի ավիացիոն պարկը ինքնաթիռներով կհամալրվի մ ինչև մյուս տարվա ավարտը: Մեքենային նախատեսված չէ սպառազինություն կցել: Այն կկիրառվի բացառապես ուսումնական առաջադրանքներ համար:
Նշվում է, որ այս ինքնաթիռով պատրաստություն կանցնեն ռմբակոծիչների, գրոհիչների, հետախուզական և Տու-160 հրթիռակիր ինքնաթիռների հրամանատարները: Նախատեսվում է, որ այն միջանկյալ օղակ կդառնա Յակ-152 և Յակ-130 ինքնաթիռների միջև:
Լրատվակայքն այս թեմայով զրուցել է ռազմական փորձագետ Անտոն Լավրովի հետ: Նա հայտնել է, որ Յակ-152 ինքնաթիռով կուրսանտները սովորում են պիլոտաժի սկզբնական հնարքներ: Սակայն այն տուրբինապտուտակավոր ինքնաթիռ է, իսկ օդաչուները հետագայում թռչելու են ռեակտիվ ինքնաթիռներով: Յակ-130 ինքնաթիռով օդաչուները սովորում են ղեկավարել ավելի մեծ ավիացիոն համալիրներ և կիրառել սպառազինություն: Ըստ այդմ՝՝ տուրբոպտուտակավոր ինքնաթիռներից միանգամից անցում կատարել ռեակտիվ շարժիչով աշխատող ինքնաթիռի, բարդ է: Եվ հենց այս երկուսի միջև միջանկյալ ինքնաթիռ է լինելու СР-10 ինքնաթիռը:
Նշենք, որ L-39 Albatros ուսումնամարտական ինքնաթիռը շահագործման է ընդունվել 1972 թվականին՝ այն ժամանակ դեռևս Չեխոսլովակիայի ռազմաօդային ուժերում։ Ինքնաթիռն արտադրել են մինչև 1999 թվականն ու այդ ընթացքում շահագործման հանձնել շուրջ 2 800 օրինակ, որոնք արտահանվել են աշխարհի ավելի քան 30 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան։ Ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 750 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 11 կմ է։