Հուլիսի 20-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում Սաուդյան Արաբիային պատկանող ձկնորսական նավ են բռնագրավել։ Նավի 5 հոգանոց անձնակազմը ձերբակալվել է։ Այս մասին հուլիսի 21-ին տեղեկացնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։
Ըստ ԻՀՊԿ-ի՝ նավը խախտել էր Իրանի ջրային տարածքը։
Հուլիս ամսվա մեջ սա երկրորդ դեպքն է, երբ Իրանը սաուդական ձկնորսական նավ է բռնագրավում։ Մինչ այս Սաուդյան Արաբիային պատկանող ևս մեկ նավ Իրանը բռնագրավվել էր հուլիսի 10-ին։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ Պարսից ծոցում սաուդյան սահմանապահները սպանել են իրանցի ձկնորսի։
Ըստ Իրանի՝ իրանական 2 ձկնորսական նավն ալեկոծության պատճառով շեղվել է իր ուղուց (սակայն հստակ հայտնի չէ՝ խախտել են Սաուդյան Արաբիայի սահմանը, թե ոչ): Սաուդյան սահմանապահները կրակել են իրանցի ձկնորսների ուղղությամբ, ինչի հետևանքով ձկնորսներից մեկը սպանվել է։
Իրանի այս հայտարարությունից հետո Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ ԻՀՊԿ-ին պատկանող 3 նավ է փորձել մոտենալ Սաուդյան Արաբիայի «Մարջան» նավթահանքին և «ահաբեկչական գործողություններ» իրականացնել։
Սաուդյան Արաբիայի սահմանապահները կրակ են բացել նավերի ուղղությամբ, ինչից հետո նավերից երկուսը հեռացել են, իսկ մյուս նավի անձնակազմը (3 հոգի) ՝ ձերբակալվել:
Սակայն Իրանը հերքեց Սաուդյան Արաբիայի հայտարարությունը՝ նշելով, որ խոսքը ձկնորսների միջադեպի մասին, և Սաուդյան Արաբիայի սահմանին են մոտեցել ձկնորսական նավեր։