Ռուսաստանի ՊՆ-ն զորքեր է ուղարկել Տ-72Բ3 տանկի առավել պաշտպանված տարբերակը

Ռուսաստանի Ռոստովի շրջանում կազմավորվել է տանկային նոր զորամաս, որը համալրվել է Տ-72Բ3 տանկերի նորագույն արդիականացված տարբերակով: Տանկը հագեցվել է լրացուցիչ պաշտպանությամբ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականի կայքը:

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Բազային Տ-72Բ3 տանկերի համեմատությամբ՝ նոր տարբերակը լրացուցիչ պաշտպանությամբ է հագեցվել կողային, հետին և վերին հատվածներում: Այսինքն այս տանկը պաշտպանված է բոլոր կողմեցից՝ ի տարբերություն նախորդ տարբերակների, որոնց զրահն ավելի հաստ էր առջևի ուղղությամբ:

Այս նորամուծության պատճառներից մեկը հավանաբար Սիրիայում ռուսական բանակի գործողությունների ուսումնասիրությունն է: Ահաբեկչական զինված խմբերի դեմ մարտերում տանկերը թիկունքից անպաշտպան են հատկապես քաղաքային մարտերում, երբ հակառակորդի նռնականետորդները հանկարծակի կարող էին հայտնվել տանկի թիկունքում:

Մյուս կողմից տանկերի և առհասարակ զրահատեխնիկայի վերին՝ «առաստաղային» հատվածի պաշտպանության հզորացումը պայմանավորված է նրանով, որ մասնավորապես «Իսլամական պետությունը» կիրառում է ինքնաշեն «հարվածային» ԱԹՍ-ներ և տանկերը խոցում՝ ուղղակի վերևից դրանց վրա գցելով հակատանկային նռնակները:

Ռուսաստանյան պարբերականը նշում է, որ տանկի այս նոր տարբերակը դիմանալու է հակատանկային հրթիռների, կումուլյատիվ և զրահահար արկերի հարվածներին:

Զրահատեխնիկայի փորձագետ Ալեկսեյ Խլոպոտովը լրատվամիջոցին տեղեկացրել է, որ կողային հատվածներում տանկը պաշտպանված է «Ռելիկտ» տիպի, իսկ վերին հատվածում՝ «Կոնտակտ-5» տիպի դինամիկ զրահով: Դրանից բացի, տանկի վրա ամրացված են նաև հակակումուլյատիվ ճաղավանդակներով և էկրաններով:

Պաշտպանական միջոցներից բացի, այս տանկի վրա դրվել է «Սոսնա-Ու» նշանառության սարք: Իսկ նախկին շարժիչը փոխարինվել է 1130 ձիաուժանոց նոր շարժիչով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *