Սիրիայի Իդլիբ քաղաքում պայթյունի հետևանքով սպանվել է մոտ 50 մարդ

Հուլիսի 23-ի երեկոյան Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ քաղաքում պայթուցիկներով բեռնված մեքենա է պայթել, արդյունքում սպանվել է շուրջ 50 մարդ, այդ թվում նաև զինյալ խմբավորումների անդամներ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքի վրա:

Պայթյուն Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ քաղաքում. հուլիս 2017

Պայթյուն Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ քաղաքում. հուլիս 2017

Ըստ աղբյուրի՝ մեքենան պատկանում էր «Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորմանը, որի զինյալները մեծ մասամբ նախկին «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման անդամներն են:

Նույն օրը Reuters գործակալությունը հայտնել է, որ Իդլիբ քաղաքի մեծ մասը «Թահրիր աշ-Շամ» և «Ահրար ալ-Շամ» խմբավորումների միջև մի քանի օրյա բախումներից հետո ամբողջությամբ անցել է «Թահրիր աշ-Շամ» խմբավորման վերահսկողության ներքո:

Աղբյուրը հայտնում է, որ «Ահրար ալ-Շամ» խմբավորման զինյալները դուրս են եկել նաև Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղակայված Բաբա ալ-Հավա սահմանային անցակետից:

«Ահրար ալ-Շամը» նախկին «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորումից հետո երկրորդ ամենամեծ խմբավորումն է Իդլիբում: Բացի այդ, Իդլիբ նահանգում են կենտրոնացած այլ զինյալ խմբավորումների մեծ մասը, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել և միանալ հրադադարի ռեժիմին:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-5-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվել է Սիրիայի ճգնաժամի լուծման համար բանակցությունների 5-րդ փուլը: Դրա ընթացքում պետք է որոշվեին «ապաէսկալացման գոտիները» Սիրիայում, սակայն կողմերը վերջնական համաձայնության չեն հասել: «Ապաէսկալացման գոտիներից» մեկը ստեղծվելու է նաև Իդլիբ նահանգում:

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ»)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *