Հուլիսի 23-ին Իրանի և Իրաքի պաշտպանության նախարարները Թեհրանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ «ռազմական-պաշտպանական» ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Իրանի ՊՆ կայքը:
Հուշագիրը նախատեսում է համագործակցության խորացում և փորձի փոխանակում հետևյալ ոլորտներում.
- ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքար,
- սահմանների անվտանգություն,
- կրթական, թիկունքային, տեխնիկական և ռազմական օգնություն:
Մինչ այս Իրանը Իրաքին ռազմական օգնություն էր ցուցաբերում և շարունակում է ցուցաբերել տարբեր մեթոդներով՝ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար այնտեղ ուղարկելով իր մարտական ստորաբաժանումները, զենք և զինամթերք:
Օրեր առաջ Իրանի նախագահն անձամբ հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղած պայքարում Իրանը աջակցել է Իրաքին՝ սպառազինություն մատակարարելով Իրաքին։
Իրաքին զենքով ապահովելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։
2014-ին «Ռոյթերս» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ 2013-ի նոյեմբերի վերջին Իրանը և Իրաքը սպառազինության մատակարարման մասին 8 պայմանագիր են կնքվել: Պայմանագրերի արժեքը 195 մլն ԱՄՆ դոլար էր գնահատվում։ Սակայն Իրանը հերքել էր այս լուրը։
Այնուամենայնիվ, չնայած Իրանի հերքումներին և պաշտոնական տվյալների սակավությանը՝ լրատվամիջոցներում մշտապես հայտնվել են լուսանկարներ, որտեղ երևացել են, թե ինչպես են իրաքցի և սիրիացի զինծառայողները օգտագործում իրանական արտադրության տարբեր զինատեսակներ՝ անօդաչու թռչող սարքեր, դիպուկահար հրացաններ, զրահամեքենաներ և այլն։