Մեկ տարի առաջ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի բանակում կրճատումների պատճառով գեներալների թիվը 326-ից հասել է մինչև 196-ի (տարբերությունը՝ 130): Ընդհանուր առմամբ կրճատվել է բանակի բարձրագույն հրամկազմի 40 տոկոսը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մինչ այս հայտնի էր, որ մեկ տարվա ընթացքում Թուրքիայի բանակից հեռացվել է 150 գեներալ: «Անադոլուն» նշում է, որ կրճատումներն իրականացվել են «բարեփոխումների շրջանակներում», ինչից կարելի է ենթադրել, որ գեներալներին ոչ միայն հեռացրել են, այլև կրճատել են նրանց հաստիքները:

Թուրքական բանակի զինծառայողների հանդերձանքը
Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո (արխիվ)
Ավելի ցածր պաշտոններից հեռացված զինծառայողների թափուր հաստիքները լրացնելու համար, ըստ գործակալության, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել և ծառայության է ընդունել 13 հազար 125 նոր զինծառայող:
Մինչ այս հաղորդվում էր, որ զինված ուժերից ընդհանուր առմամբ հեռացվել է ավելի քան 7600 զինծառայող: Այսինքն մեկ տարվա ընթացքում Թուրքիայի բանակը լրացրել է ոչ միայն հեռացվածների հաստիքները, այլև համալրվել է ևս մոտ 5,5 հազար անձնակազմով:
Հեղաշրջման փորձից հետո առավել շատ անձնակազմ՝ 16 հազարից ավելի, հեռացվել է նաև ռազմաուսումնական հաստատություններից: Թուրքական գործակալությունն անդրադառնում է նաև կուրսանտների թվին և նշում, որ առնվազն եռապատկվել է տարբեր ՌՈւՀ-երի ընդունելության համար դիմած երիտասարդների թիվը: