Սիրիայի ապստամբները գրավել են հայաբնակ Յակուբիե գյուղը

Ինչպես հայտնում է Aleppo Armenians [լինկ] ֆեյսբուքյան խմբի ադմինիստրատոր Հրաչ Քալսահակյանը, Իդլիբ նահանգի հայաբնակ Յակուբիե գյուղը կառավարական զորքերի հետ ծանր բախումներից հետո անցել է ապստամբների ձեռքը:

Նույն աղբյուրի հավաստմամբ մարտերի ընթացքում երկու կողմերը տասնյակ զոհեր են տվել:

Ապստամբները գրավել են Հայոց Առաջնորդարանին պատկանող նորակառույց շենքը և շրջակա տարածքը, ինչպես նաև խուզարկել գյուղի տները:

Ապստամբները գյուղի բնակչությանը հավաստիացրել են, որ նրանց վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ գյուղի բնակիչները պատրաստվում են լքել գյուղը՝ ենթադրելով, որ շուտով կառավարությունը ռմբակոծելու է ապստամբների դիրքերը:

Այս լուրը ճշտելու համար Razm.info-ն փորձեց կապվել Սփյուռքի նախարարության հետ, սակայն նախարարության աշխատակիցը տեղեկություն չուներ, իսկ ԱԳՆ խոսնակի հեռախոսահամարները անհասանելի են եղել:

Իդլիբ նահանգում ընդհարումները սկսվել են 2011 թ սեպտեմբերից: 2012 թ փետրվարին ապստամբներ գրավել էին նահանգի մայրաքաղաք Իդլիբ քաղաքը, բայց մարտի 13-ին Սիրիայի բանակը ազատագրեց այն: Ըստ ընդդիմադիրների տվյալների՝ նահանգում ընդհարումների ընթացքում զոհվել է 900 ապստամբ, 1000 զինվոր և 500-1000 քաղաքացիականներ:

Յակուբիեն տեղակայված է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում՝ Թուրքիայի Հաթայ նահանգի սահմանի մոտ: Միջնադարում այդ տարածքում եղել են շատ հայաբնակ գյուղեր, սակայն ներկայումս մնացել են միայն երեքը՝ Յակուբիեն, Քեսաբը և Ղնեմիեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *