Թուրքիայի օդուժը հարվածել է իր տարածքում և Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերին

Հուլիսի 20-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են Իրաքի հյուսիսային Քանդիլ շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներին:

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական արտադրության «Բայրաքթար» փոքր հետախուզական ԱԹՍ

Թուրքական արտադրության «Բայրաքթար» փոքր հետախուզական ԱԹՍ

Աղբյուրի համաձայն՝ «շարքից հանվել է» PKK-ի 4 զինյալ, ոչնչացվել են ԴՇԿ տիպի գնդացրի դիրք և քուրդ զինյալների թաքստոցներ:

Նույն օրը Թուրքիայի օդուժը հարվածել է քրդերի դիրքերին նաև Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում: Քուրդ զինյալների կոորդինատները ճշտվել են թուրքական արտադրության հետախուզական ԱԹՍ-ի միջոցով, այնուհետև զինյալների դիրքերին հարվածել են Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչները: «Շարքից հանվել է» PKK-ի 3 զինյալ: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նշենք, որ Թուրքիայի զինուժը քրդերի դեմ բացի հետախուզական ԱԹՍ-ներից օգտագործում է նաև ԱԹՍ-ների հարվածային տարբերակներ: Մասանավորապես Թուրքիայի զինուժը հարվածում է քրդերին թուրքական արտադրության «Բայրաքթար» և «ԱՆՔԱ» անօդաչու թռչող սարքերով:

Վերջին շրջանում Թուրքիան հաճախ է հարվածում քուրդ զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսում, որտեղ էլ տեղակայված են PKK-ի հիմնական բազաները: Թուրք-քրդական բախումները վերջին շրջանում ինտենսիվացել են նաև Թուրքիայի տարածքում: Բախումները սկսվել են դեռևս 2015-ի ամռանը: 2 տարի շարունակվող բախումներում Թուրքիայի մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *