Պաշտոնից հեռացվել են Վրաստանի ՊԱԾ հակահետախուզության և ՆԳՆ սահմանային ոստիկանության պետերը՝ մինչև կավարտվի ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Էֆգան Մուխթարլըի անհետացման և «հանկարծակի Ադրբեջանում հայտնվելու» գործով Վրաստանում սկսված հետաքննությունը
Գործի մանրամասների մասին հուլիսի 20-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրաշվիլին. փոխանցում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Վրաստանի ՆԳՆ-ն երկրի գլխավոր դատախազությանը գործը փոխանցել է այսօր՝ հուլիսի 20-ին: Հետաքննությունը ընթանալու է երկրի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի առաջին մասով (ազատության ապօրինի զրկում):
Վրաստանի ՆԳՆ նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև Թբիլիսիից Մուխթարլըի անհետացումից հետո ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված քննությունից: Մինչ քննության ավարտը իրենց պաշտոններից հեռացվել են Վրաստանի պետանվտանգության ծառայության հակահետախուզության բաժնի պետ Օտոր Կուպրաշվիլին և ներքին գործերի նապարարության սահմանային ոստիկանության պետ Դավիդ Նիկոլեշվիլին:
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ հետազոտվել են Մուխթարլըի առևանգման օրը նրա ճանապարհին ընկած տեսահսկման 46 սարքի ձայնագրություն: Հարցաքննվել են նաև ն թիվ 4 երթուղու ավտոբուսի 22 վարորդ: Նույն օրը Մուխթարլըն օգտվել էր այդ երթուղուց: Այն թաղամասում, որտեղ ապրում էր Մուխթարլըն հարցաքննվել է 127 ականատես: Հարցաքնվել է նաև Ադրբեջանին սահմանակից Լագոդեխի, Դեդոպլիսծղարո և Սիգնագի շրջաններից Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության 61 աշխատակից: Հարցաքննվածներից ոչ ոք լրագրողի առևանգման օրը կասկածելի գործողություն չի նկատել:
Ուսումնասիրվել են նաև Էֆգան Մուխթարլըի բոլոր հեռախոսազանգերը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Թբիլիսիից առևանգվել էր ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Էֆգան Մուխթարլըն: Ըստ լրագրողի ընտանիքի և փաստաբանի՝ հենց Թբիլիսիի կենտրոնից Մուխթարլըին առևանգել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները, ապա գաղտնի կերպով անցկացրել Ադրբեջան: Բաքվում Մուխթարլըի դեմ արդեն հարուցվել է քրեական գործ: Նրան մեղադրում են սահմանի ապօրինի հատման և մաքսանենգության մեջ: Լրագրողին սպառնում է 7-10 տարի ազատազրկում:
Նշենք, որ Մուխթարլըի առևանգման հետ կապված Թբիլիսիիում կազմակերպվել են մի քանի ցույցեր: Լրագրողի գործը «Մուխթարլըն ընդդեմ Ադրբեջանի և Վրաստանի» անվանմամբ քննվում է նաև ՄԻԵԴ-ում: