ԱՄՆ-ն դադարեցրել է Սիրիայի հակաասադական զինյալների «մարզում-սպառազինում» ծրագիրը

ԱՄՆ նախագահը դադարեցրել է Սիրիայի հակասադական «չափավոր ընդդիմադիր» ուժերին զինելու և մարզելու ԿՀՎ ծրագիրը: Դեռևս Օբամայի օրոք՝ 2013 թ., մեկնարկած ծրագրով Սիրիայի բանակի և «Իսլամական պետության» դեմ գործող զինյալները մարզվում էին Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում:  Այս մասին հայտնում է Washington Post պարբերականի կայքը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին:

Սիրիացի ապստամբներին զինելու ծրագիրը ղեկավարում էր ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ): Ամերիկյան պարբերականը Թրամփի որոշումը կապում է Ռուսաստանի հետ Թրամփ-Պուտին հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:

Սակայն արաբագետ Սարգիս Գրիգորյանը Razm.info-ի հետ զրույցում նշեց, որ ԱՄՆ-ն սիրիական հակամարտության սկզբնական տարիներից փորձում է իր համար վստահելի ուժեր գտնել այդ երկրում: Հենց այդ նպատակով զինում էին որոշ ընդդիմադիր, աշխարհիկ խմբավորումների, սակայն արդեն 2014 թ. վերջից պարզ դարձավ, որ այդ զինյալներն արդյունավետ չեն գործում, իսկ Սիրիայում ավելի ակտիվանում են իսլամական ուժերը:

«Արդեն Օբամայի վարչակարգի վերջին տարիներին, վերջին ամիսներին հատկապես, կասկածի տակ էր դրված արդեն այդ ծրագիրը, որովհետև որոշ ժամանակ անց տեսանյութերից պարզ էր դառնում, որ այն զենքը և զինամթերքը, որն ուղղված էր այդ ուժերին, արդեն ընկած էր իսլամականների ձեռքը»:

Արաբագետն ավելացնում է, որ արդեն վաղուց էր պարզ, որ Միացյալ Նահանգներն այդ ուժերի վրա խաղադրույք չի կատարում: Ամերիկյան ծրագրի շրջանակներում 2015 թ. տարբեր զինյալ խմբավորումների անդամներ մարզումներ էին անցնում Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի տարածքներում:

Մարզումներ անցկացնում էին հիմնականում հենց ԱՄն զինվորականները՝ Միացյալ Նահանգների հատկացրած գումարներով: Նույն 2015 թ. նշվում էր, որ առաջիկա 3 տարվա ընթացքում պետք է մարզվի 15 հազար զինյալ:

ԻՊ-ի դեմ պայքարողների մարզումները

ԻՊ-ի դեմ պայքարողների մարզումները. (արխիվ):

Անդրադառնալով Սիրիայում Միացյալ Նահանգների հետագա ծրագրերին՝ արաբագետը նշում է, որ ներկայում ԱՄՆ-ն խաղադրույք է կատարում այլ ուժերի վրա:

«Վերջին ամիսների զարգացումները, հատկապես քրդական ուժերի հետ կապված սերտ համագործակցությունը, ցույց են տալիս, որ Վաշինգտոնը ներսիրիական զարգացումներում, հատկապես «Իսլամական պետության» դեմ պայքարում արդեն գտել է իր գործընկերոջը: Դա «Դեմոկրատական միություն» կուսակցությունն է (Սիրիայի քրդական կուսակցություն՝ PYD — խմբ) և նրա ռազմական թևերը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG — խմբ)»:

Արաբագետն ավելացրեց, որ ԱՄՆ-ն աջակցում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը, որի մեջ մեծամասնություն են կազմում նշված քրդական ուժերը, սակայն կան նաև արաբներ: Սարգիս Գրիգորյանը նաև նշեց, որ ծրագիրը ներկայում դադարեցնելու որոշումը հավանաբար նաև կապված է «Իսլամական պետության» կենտրոն Ռաքքա քաղաքի գրոհի հետ, որին հենց նշված քուրդ-արաբական ուժերն են ներգրավված:

Ըստ արաբագետի՝ նախորդ ծրագրին հատկացվող միջոցները կարող են ուղղվել քուրդ-արաբական ուժերին ֆինանսավորելուն: Այս կապակցությամբ դեռևս 2015 թ. հոկտեմբերին բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականի կայքը հայտնել էր, որ ԱՄՆ-ն «մարզում-սպառազինում» ծրագրի շրջանակներում ծախսել է շուրջ 500 մլն դոլար:

Ավելացնենք, որ ԱՄՆ-ի աջակցությամբ գործող, քուրդ-արաբական ուժերը 2017 թ. հունիսին սկսել են Ռաքքայի գրոհը՝ նույն ամսվա վերջից ԻՊ ուժերին վերցնելով օղակի մեջ: Միացյալ Նահանգները այդ ուժերին օգնում է ոչ միայն ավիահարվածներով, այլև զենք-զինամթերքի մատակարարմամբ:

ԱՄՆ դիրքորոշումը բացասաբար է ընկալվում Թուրքիայում, քանի որ թուրքական կողմը Սիրիայի քրդական ուժերը ահաբեկչական կառույցներ է համարում: Սակայն առայժմ սա լուրջ ազդեցություն չի ունենում քուրդ-ամերիկյան փաստացի դաշնակցային հարաբերությունների վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *