Լիբանանի զինուժը գործողություններ է իրականացնելու Սիրիայի սահմանին. Լիբանանի վարչապետ

Լիբանանյան բանակի գործողություներն իրականացվելու են Սիրիայի և Լիբանանի սահմանային լեռնային հատվածներում, որոնք որպես հենակետեր են ծառայել զինյալ խմբավորումների համար: Այս մասին հուլիսի 18-ին հայտարարել է Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին: Փոխանցում է Reuters գործակալությունը:

Լիբանանի ԶՈւ զինծառայող սիրիա-լիբանանյան սահմանին

Լիբանանի ԶՈւ զինծառայող սիրիա-լիբանանյան սահմանին

Լիբանանի վարչապետի խոսքով՝ սահմանի մոտ թաքնվող ահաբեկչական խմբերի թվում են նաև «Իսլամական պետությունը» և նախկին «Ան-Նուսրայի ճակատը»:

Տարբեր տվյալներով՝ լիբանանյան Արսալ շրջանին սահմանակից հատվածներում գտնվում է մոտ 3000 զինյալ, որոնց մեծ մասը ԻՊ և նախկին «Ան-Նուսրայի ճակատ» անդամներ են:

Նշենք, որ Սիրիայի կառավարական ուժերին և նախագահ Բաշար ալ-Ասադին իրենց աջակցություն է ցուցաբերում շիայական արմատական Իրանի աջակցությամբ գործող «Հիզբոլլահ» շարժումը: «Հիզբոլլահը» ռազմական աջակցություն է ցուցաբերում կառավարական ուժերին, ինչը քննադատվում է Լիբանանի իշխանությունների կողմից:

Նշենք, որ Սիրիայում ճգնաժամը սկսել է 2011-ին: Մինչ այժմ երկրի տարբեր հատվածներում կառավարական ուժերը պայքարում են տարբեր զինյալ խմբավորումների դեմ:

Սիրիայի ճգնաժամի լուծման համար Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բանակցությունների 5 փուլ է անցկացվել: Հուլիսի 4-5-ը անցկացված բանակցություններում նախատեսվում էր, որ կողմերը պետք է համաձայնության հասնեին Սիրիայում «ապաէսկալացման» կամ «ոչ բախումային» գոտիների ստեղծման համար, սակայն վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել և որևէ փաստաթուղթ չի ստորագրվել:

Մինչ այդ Աստանայում հանդիպումներ անցկացվել են այս տարվա հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16-ին, մարտի 14-15-ին և մայիսի 3-4-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *