Հուլիսի 20-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել որոշման նախագծի, որով Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի շրջանակներում մատակարարվող արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն կիրականացվի: Այս մասին հայտնում է Aysor.am լրատվակայքը:
Կառավարությունը մտադիր է օրենքի նախագիծը ուղարկել ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը:
Համաձայնագրով հսկողության առարկան 2013թ. հունիսի 25-ի համապատասխան պայմանագրի շրջանակներում մատակարարված ռազմական նշանակության արտադրանքն է:
Հսկողության նպատակն է ստուգել կնքված պայմանագրերով մատակարարվող արտադրանքի առկայությունը և նպատակային օգտագործումը:
Հայկական կողմից համաձայնագրի իրագործման համար լիազորված մարմին է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ռուսաստանյան կողմից` ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը:
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորվում է մասնավորապես 2013 թվականի հունիսի 25-ին ստորագրված պայմանագրով, որը երկու երկրներն էլ հետագայում վավերացրել են։ Հենց այս պայմանագրի շրջանակներում է մատակարարվում 200 մլն դոլար վարկով ձեռքբերվող սպառազինությունը:
Հայաստանի ու Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը նախատեսում է, որ երկու երկրների ռազմական նշանակության արտադրանքի փոխանցումը մի երկրի տարածքից մյուսն իրականացվելու է ոչ թե հատուկ վավերագրերի կամ որոշումների ընդունմամբ, այլ կողմերի լիազոր մարմինների կողմից տրվող դուրսգրման փաստաթղթերի միջոցով:
Այսինքն ռազմական նշանակության արտադրանքի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի հայաստանյան գնորդը կարող է արտադրանքը գնելու բանակցությունները վարել անմիջապես ռուսաստանյան արտադրող ընկերության հետ ու հետևաբար գնումը կատարել անմիջապես արտադրողից, ավելի էժան գներով ու առանց միջնորդի: Նույնը վերաբերում է նաև ռուսաստանյան գնորդներին:
Նոր վավերացվող համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով ձևավորվում է հսկողության խումբ: Այն կողմը, որի տարածք մատակարարվում է արտադրանքը, իրավունք չունի հրաժարվելու հսկողության խմբին ընդունելուց: Հսկողության իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը կատարվում է մատակարարող կողմի միջոցների հաշվին: