Սիրիայի ապստամբները սպառնում են սպանել առևանգված ուկրաինացի լրագրողուհուն

Ապստամբները, որոնք հոկտեմբերի 12-ին Սիրիայի Հոմս քաղաքի ճանապարհին առևանգել էին ուկրաինացի լրագրողուհի Անհար Կոչնևային, սպառնացել են սպանել նրան, ինչպես նաև հարձակումներ կատարել այլ ռուսների և ուկրաինացիների վրա, եթե չվճարվի 50 մլն դոլար փրկագին։

Այս մասին հայտարարություն են տարածել «Լրագրողներ առանց սահմաների» (Reporters Without Borders) և լրագրողների իրավունքները պաշտպանող մի շարք այլ կազմակերպություններ: Հայտարարությունում կոչ է արվում Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին օգնել ազատել Կոչնևային:

Ուկրաինայի արտգործնախարարությունը Սիրիայի կառավարությանը դեկտեմբերի 11-ին կոչ էր արել ակտիվացնել լրագրողին ազատելու ջանքերը: Ի պատասխան՝ առևանգիչները տեսահոլովակ են տարածել, որում սպառնում են հարձակվել Ռուսաստանի և Ուկրաինիայի դեսպանատների վրա:

Կոչնևան Բաշար Ասադի անթաքույց կողմնակից է և Սիրիայից հաղորդումներ էր պատրաստում մի շարք ռուսական հեռուստակայանների ու լրատվակայքերի համար։

Առևանգումից հետո՝ նոյեմեբերի 28-ին ապստամբների տեսանյութ են տարածել, որում Կոչնևան հայտնում է, որ աշխատել է ռուսական հետախուզության համար. «Ես 2012թ. հունվարին կեղծ փաստաթղթերով Սիրիա եմ ժամանել որպես լրագրող, բայց իմ հիմնական առաջադրանքը եղել է Սիրիայի և Ռուսաստանի սպաների համար թարգմանելը: Ես այստեղ եմ ռուսական հետախուզության առաջադրանքով»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *