Թուրքական մամուլը բացահայտել է Սիրիայում ԱՄՆ զինծառայողների տեղակայման վայրերը

Հուլիսի 19-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հայտարարել է, որ Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների և դրանց տեղակայման վայրերի մասին թուրքական պետական «Անադոլու» գործակալության տարածած տեղեկությունները վտանգում են Սիրիայում ԱՄՆ ԶՈւ զինծառայողներին: Պենտագոնի հայտարարությունը փոխանցում է Reaturs գործակալությունը:

Սիրիայում ամերիկյան բազաների վերաբերյալ թուրքական «Անադոլու» գործակալության տարածած քարտեզը

Սիրիայում ամերիկյան բազաների վերաբերյալ թուրքական «Անադոլու» գործակալության տարածած քարտեզը

Ըստ աղբյուրի՝ Միացյալ Նահանգները այդ տեղեկություների վերաբերյալ իր մտահագությունն է հայտնել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի իշխանություններին:

Պենտագոնի խոսնակ Էրիկ Փահոնը հայտարարել է, որ ռազմական «զգայուն» տեղեկության տարածումը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերի համար անիմաստ ռիսկեր է ստեղծում և կարող է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին վնաս հասցնել:

«Թեև մենք ինքնուրույն չեն կարող հստակեցնել աղբյուրները, որոնք նպաստել են այս պատմության տարածմանը, բայց մենք խիստ կմտահոգվենք, եթե ՆԱՏՕ-ի դաշնակից պետության պաշտոնյաները դիտմամբ վնաս հասցնեն մեր ուժերին՝ ռազմական «զգայուն» տեղեկություններ տարածելով», — ասել է Փահոնը:

Նշենք, որ հուլիսի 17-ին թուրքական «Անադոլու» գործակալությունը տեղեկություններ է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) խմբավորման և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) վերահսկած տարածքներում ունի 2 ռազմաբազա և 8 զինվորական հենակետ: Բացի այդ, հոդվածում քարտեզի վրա ներկայացված են ամերիկյան բազաների վայրերը:

Այդ տեղեկությունները սկսել են տարածել արևմտյան մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում նաև գերմանական Bild պարբերականը:

Նշենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները լարվել են դեռևս նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարման վերջին շրջանում: Լարվածության պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Սիրիայի քրդական խմբավորումների ԻՊ դեմ պայքարում: Սրան բացասական է վերաբերում Թուրքիան, որը Սիրիայի քրդերին բնորոշում է որպես «ահաբեկչական կառույցներ» և «սպառնալիք» Թուրքիայի անվտանգության համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *