ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում

Հուլիսի 19-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Դիտարկման առաքելությանը ուղեկցել են Արցախի արտաքին գործերի գերատեսչության և Պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Երեկ՝ հուլիսի 18-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին ընդունել է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակը, սահմանում ամսվա սկզբին եղած լարված իրադրությունն ու այն թուլացնելու հնարավոր միջոցները:

Նույն օրը Անջեյ Կասպշիկին հանդիպել է նաև Արցախի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմի գնդակոծություններին:

Կարեն Միրզոյանն ընդգծել է շփման գծում կայունության ապահովման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկման, մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործման անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *