ԱՄՆ-ն լազերային զենք է փորձարկել Պարսից ծոցում

Հուլիսի 18-ին ԱՄՆ-ն լազերային զենք է փորձարկել Պարսից ծոցում։ Զենքը տեղակայվել է USS Ponce ռազմանավի վրա։ Զենքը կարող է խոցել թիրախները «լույսի արագությամբ» և 50 հազար անգամ ավելի արագ քան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։ Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը։

Որպես թիրախ ծառայել է անօդաչու ինքնաթիռը։ Լազերային զենքի աշխատաքնի համար անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի որոշակի պահուստ։

Լազերային զենքը նախատեսված է օդային թիրախներ և ոչ մեծ նավեր խոցելու համար։

Հավելենք, որ Պարսից ծոցում հաճախ միջադեպեր են գրանցվում ԱՄՆ և Իրանի ռազմածովային ուժերի միջև։ Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Իրանի ռազմանավը լազերային ճառագայթ է արձակել ամերիկյան 3 նավերին ուղեկցող CH-53E ուղղաթիռի ուղղությամբ։ Սակայն Իրանը հերքել էր այս տեղեկությունը։

2017-ի ապրիլի 24-ին Պարսից ծոցում ամերիկյան USS Mahan ականակիր նավը վտանգավոր հեռավորությամբ մոտեցել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) արագընթաց նավին։

Իրանական նավը  գտնվել էր  1000 մ հեռավորության վրա։ Բախումից խուսափելու համար ամերիկյան նավը փոխել է ուղղությունը, վտանգի ազդանշան հնչեցրել, այնուհետև արձակել ազդանշանային հրթիռներ և պատրաստության վիճակի բերել սպառազինությունը։ Իրանական կողմը ազդանշաններ չէր տվել։

Միջադեպի առնչությամբ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այս առիթով «Թվիթերի» իր էջում մասնավորապես նշել էր.

«Մեր ռազմածովային ուժերը  Պարսից ծոցում են գործում, ոչ թե Մեքսիկական ծոցում։ Հարցն այստեղ այն է, թե ի՞նչ են անում ամերիկյան նավերը իրենց հայրենիքից 7500 մղոն հեռավորության վրա»։

Տարվա ընթացքում Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև գրանցվել են այլ միջադեպեր ևս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *