ՀՀ կառավարության նիստի օրակարգում է հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրի վավերացումը

Այսօր՝ հուլիսի 19-ին, Ռուսաստանյի Դաշնային խորհուրդը վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին դեռևս 2016թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Նույն համաձայնագրի վավերացման մասին նախագիծ կա նաև ՀՀ կառավարության վաղվա՝ հուլիսի 20-ի նիստի օրակարգում: Կառավարությունը մտադիր է հաստատել և ՀՀ ԱԺ ուղարկել համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը:

Մինչ այս՝ հուլիսի 14-ին Ռուսաստանի Պետական Դուման էր վավերացրել նույն համաձայնագիրը: Իսկ 2017-ի հունիսի 19-ին ՌԴ կառավարությունը հավանության էր արժանացրել միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը երկրները ստորագրել են 2016 թվականի նոյեմբերի 30-ին: Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:

Զորախմբի մեջ են մտնում ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:

Միացյալ զորախմբի հրամանատարին նշանակում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը՝ Ռուսաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ:

Խաղաղ ժամանակ զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կամ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից: Այս հարցը որոշվելու է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ:

Պատերազմական շրջանում զորախմբի բոլոր ուժերն անմիջականորեն ենթակա են միացյալ զորախմբի հրամանատարին:

Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համատեղ աշխատելու են նաև կողմերի զորքերի սպառազինության և կառավարման համակարգերի ունիֆիկացիայի ուղղությամբ:

Կողմերից յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու սեփական ուժերի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովման համար:

Համաձայնագիրը կնքվելու է 5 տարով և ժամկետի յուրաքանչյուր ավարտից հետո ինքնաբերաբար երկարացվելու է ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկն այն կասեցնելու մասին չի տեղեկացնում մյուս կողմին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *