Ռուսաստանը չի բացառում Սիրիայի ապստամբների հաղթանակը

Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար և Սիրիայի հարցերով պատասխանատու Միխայիլ Բոգդանովը Ռուսաստանի Հանրային պալատում հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը աստիճանաբար կորցնում է վերահսկողությունը իր տարածքների վրա և չի բացառվում, որ Սիրիայի ապստամբները կհաղթեն նախագահ Բաշիր Ասադին:

Բոգդանովի հայտարարությունից չի ենթադրվում, որ Ռուսաստանը Սիրիայի հարցերում փոխելու է իր հայացքը, կամ դադարելու է արգելափակել միջազգային պատժամիջոցներ կիրառելու առաջարկները: Բայց այն կարող է բացասաբար ազդել Սիրիայի նախագահ Բաշիր Ասադի դիրքերի վրա և հետևաբար ուժեղացնել ապստամբների դիրքերը:

Բոգդանովը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ երկխոսություն սկսելու և փոխզիջումներ կատարելու անհրաժեշտության մասին, քանի որ ապստամբներին երկար ժամանակ է հարկավոր Ասադին հաղթելու համար և Սիրիայի ժողովուրդը այդ պատճառով շատ է տուժելու:

«Մարտերը ավելի են թեժանալու, և դուք ունենալու եք հազարավոր, գուցե նաև հարյուր հազարավոր կորուստներ: Եթե նախագահին դուրս մղելու համար այդ գինը ձեզ համար ընդունելի է, ապա մենք ի՞նչ կարող ենք անել: Մենք իհարկե կարծում ենք, որ դա բացարձակապես անընդունելի է»։

Բոգդանովը ավելացրել է, որ Ռուսաստանը սատարելու է հունիսին Ժնևում ստորագրած համաձայնագիրը, որով Սիրիայի ապստամբներին և կառավարությանը կոչ է արվել սկսել երկխոսություն:

Բոգդանովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է Սիրիայից տարհանել իր բոլոր քաղաքացիներին, բայց չի ասել թե դա երբ կլինի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *