Իրանը և Պակիստանը կքննարկեն ահաբեկիչների առևանգած զինծառայողին վերադարձնելու հարցը

Իրանը և Պակիստանը շուտով հանձնաժողով կհրավիրեն՝ քննարկելու ապրիլին «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբի կողմից առևանգված իրանցի զինծառայողին հայտնաբերելու և վերադարձնելու հարցը։ Այս մասին հայտարարել է Իրանի ՆԳՆ սահմանային հարցերով տնօրեն Մաջիդ Աղաբաբային։ Հուլիսի 18-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Խմբավորման կողմից զինծառայողը առևանգվել է ապրիլի 26-ին՝ իրանա-պակիստանյան «Միրջավեհ» անցակետի վրա հարձակման ժամանակ։ Զինծառայողը առևանգման ժամանակ եղել է վիրավոր։

Ըստ Մաջիդ Աղաբաբայիի՝ Իրանը տեղեկություններ ունի, որ զինծառայողը դեռ ողջ է։

Իրանում «Ջեյշ ալ զոլմ» խմբավորումից առգրավված զենք-զինամթերքը

Իրանում «Ջեյշ ալ զոլմ» խմբավորումից առգրավված զենք-զինամթերքը

Ավելի վաղ Պակիստանից գործող ահաբեկչական խումբը կրակ էր բացել Իրանի հարավարևմտյան Սիսթան և Բելուջիսթան նահանգի Սարևան քաղաքի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 իրանցի զոհվել էր։

Պակիստանի և Իրանի միջև սահմանը 900 կմ է։ Այստեղ Իրանը ակտիվ պայքար է մղում Պակիստանից ներթափանցող ահաբեկչական խմբավորումների, մաքսանենգների դեմ։

Իրանի Սիսթան և Բելուջիստան ու Պակիստանի համանուն՝ Բելուջիստան սահմանակից նահանգներում գործում են հիմնականում սուննի բելուջներից կազմված զինված անջատողական խմբավորումներ, որոնք հաճախ են բախումների մեջ մտնում Իրանի ուժային կառույցների հետ։ Հատկապես ակտիվ են գործում «Ջեյշ ալ Ադլ» («Ջեյշ ալ Զոլմ») և «Ջունդոլլահ» խմբավորումները։

2017-ի ապրիլին «Ջեյշ ալ Ադլ»  խմբավորման հետ բախումների հետևանքով սպանվել էր իրանցի 9 սահմանապահ։ Մայիսին Իրանի արկակոծության հետևանքով սպանվել էր մեկ պակիստանցի քաղաքացիական։

Հունիսին  Պակիստանի ռազմաօդային ուժերի  PAC JF-17 Thunder կործանիչը  Փանջգուրի շրջանում իրանական անօդաչու թռչող սարք էր խոցել։

Իսկ օրերս  ԻՀՊԿ-ն 3 հրթիռ էր արձակել Պակիստանի  Փանջգուր շրջանի ուղղությամբ։ Հրթիռներն ընկել էին Փարումիի տարածքում։ Մարդկային կորուստներ չէին եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *