Թուրքիան ութ նոր ֆրեգատ կկառուցի

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է TF2000 տիպի ութ ֆրեգատ կառուցելու նպատակով յոթ միլիարդ դոլար հատկացնել։ Այդ մասին հայտնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով Defense News-ին։

Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով. առաջին փուլում արտասահմանյան կազմակերպություններից որևէ մեկի հետ համատեղ չորս նավ կկառուցվի, երկրորդ փուլում Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը միջոցներ կհատկացնի ևս չորս ֆրեգատի կառուցման համար։ Նոր ֆրեգատները կհամալրեն Թուրքիայի հակաօդային պաշտպանության ծովային ուժերը։

Թուրքիայի ռազմաարդյունաբերության քարտուղարության տվյալներով՝ նավերի կառուցման աշխատանքներին պատրաստ են ներգրավվել Lockheed Martin (ԱՄՆ), BAE Systems (Մեծ Բրիտանիա) և Navantia (Իսպանիա) ընկերությունները։ Նախագծին կմասնակցի նաև թուրքական Aselsan ընկերությունը, որը կիրականացնի անհրաժեշտ ռադարի կառուցման աշխատանքները։

Նախատեսվում է, որ վերջին նավը պետք է պատրաստ լինի 2023-ին։

TF-2000 ֆրեգատների մշակմամբ 1990-ականներից զբաղվում է Թուրքիայի ռազմածովային ինստիտուտը։

2007-ին Թուրքիայի կառավարությանը կից ռազմաարդյունաբերական հարցերով կոմիտեն հաստատել է չորս նավերի գնման և ևս երկու ֆրեգատների կառուցման գործարքը։

Նավերը զինված կլինեն զենիթային և թևավոր հրթիռներով, որոնց տեսակներն առայժմ հայտնի չեն։ Սակայն Թուրքիայի ՊՆ-ն մտադիր է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ SM-2 հակահրթիռների ձեռքբերման շուրջ։ TF2000-երի կազմում կլինեն նաև S-70B2 Seahawk ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ։

Միևնույն ժամանակ Թուրքիայի ռազմաարդյունաբերական քարտուղարությունից հայտնում են, որ այս նախագիծը վերջինն է, որ իրականացվելու է արտասահմանյան ընկերությունների հետ համատեղ։ Հետագա մյուս բոլոր նավաշինական ծրագրերը կիրականացնեն թուրքական ընկերությունները։

Աղբյուր. Lenta.ru

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *