ՊՆ ծախսերը ամեն տարի նախատեսվում է ավելացնել 26-27 մլրդ դրամով. ՀՀ ֆիննախարար

ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում: Այս մասին լրագրողների հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, փոխանցում է Aysor.am լրատվակայքը:

ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ 2017 թվականի բյուջեով Պն ծախսերը, ներառյալ նաև կապիտալ ծախսերը, շուրջ 226 միլիարդ դրամ են։

Նախարարը նաև հայտնել է, որ ռազմական նշանակության ապրանքներ ձեռք բերելու նպատակով տրամադրված ռուսական 200 միլիոն դոլար վարկից դեռևս ծախսելու գումար կա:

«Շուրջ 30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա ռուսական վարկից: Այնտեղ սխեման այնպիսինն է, որ ապրանքները մատակարարվում են պաշտպանության նախարարությանը, գումարը վճարվում է ռուսական կապալառուներին, որոնք ներքին գներով ապրանքը մատակարարում են Հայաստանին», — մասնավորապես նշել է Վարդան Արամյանը։

Նախարարի խոսքով՝ նպատակը ոչ թե անվանական որևէ ծավալի ռազմական բյուջե ունենալն է, այլ ռազմական ծախսերին ուղղվող գումարը հենց ՀՆԱ 4 տոկոսին հասցնելը (մոտ 500-600 մլն դոլար մինչև 2020 թվականը):

Ավելի վաղ Վարդան Արամյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Հայաստանը «ռազմական» նոր վարկի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է: Սակայն չէր մանրամասնել, թե խոսքն ինչ գումարի մասին է և ռազմական ոլորտի ինչ ծրագրի համար է այն (սպառազինության գնում, արդիականացում կամ այլ):

ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունից հայտնի էր դարձել, որ 2016 թվականին պաշտպանության բնագավառում ՀՀ պետական բյուջեից կատարվել են 225,9 մլրդ դրամ ծախսեր` կազմելով ծրագրի 103,9%-ը: Գերակատարումը պայմանավորված էր  2016 թվականին պաշտպանության բնագավառում Հայաստանը Ռուսաստանից զենք գնելու վարկային ծրագրի համար հատկացված 50 մլն դոլարով:

Ոլորտը 2016 (պլան) 2017 (պլան)
Պաշտպանություն (ընդհանուր) 207 269 656,1 209 813 481,1
Ռազմական պաշտպանություն 199 615 244,9 202 106 217,2
Արտաքին ռազմական օգնություն 162 282,1 162 818,4
Հետազոտական և նախագծային աշխատանքներ 1 641 470,1 1 641 470,1
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 5 850 659,0 5 902 975,4

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *